Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-01-01-ից մինչև 2011-07-04։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-07-04-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Հոդված 5. Հայտարարատուն

գործել է մինչև 2011-07-04ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 5. Հայտարարատուն

1. Սույն օրենքի համաձայն հայտարարատու է համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտը՝ Հայաստանի Հանրապետությունում և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սեփականության իրավունքով իրեն պատկանող սույն օրենքով սահմանված գույք և (կամ) եկամուտ ունենալու դեպքում:

Սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է հանդիսանում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ որի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Սույն օրենքի իմաստով կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված է ֆիզիկական անձի ընտանեկան կամ տնտեսական շահերի կենտրոնը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը և գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 18.12.07 ՀՕ-300-Ն)

2. Անկախ սույն հոդվածի առաջին մասի դրույթներից, յուրաքանչյուր հարկային տարվա համար հայտարարագիր են ներկայացնում՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքական ու հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները և կենտրոնական բանկի ծառայողները.

3) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, անդամները.

4) Հայաստանի Հանրապետության դատավորները, դատախազները, «Դատական ծառայության մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան դատական ծառայության գլխավոր և բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք.

5) «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան դիվանագիտական ծառայության գլխավոր հյուպատոսի և դրանից բարձր պաշտոն զբաղեցնող անձինք.

6) Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները.

7) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահը, տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները.

8) Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) ղեկավարները (նրանց տեղակալները) և անդամները.

9) քաղաքացիական, հարկային, մաքսային, դատական ակտերի հարկադիր կատարման, ոստիկանության, ազգային անվտանգության, քրեակատարողական, փրկարար ծառայություններում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում ծառայության մեջ գտնվող անձինք: Ընդ որում, հայտարարագիր ներկայացնում են՝

ա. քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնողներից` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք,

բ. հարկային ծառայողները,

գ. մաքսային ծառայողները,

դ. դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները,

ե. ոստիկանության ծառայության պաշտոններ զբաղեցնողներից՝ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող անձինք,

զ. ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում պաշտոն զբաղեցնողներից՝ ազգային անվտանգության ծառայության բարձրագույն, գլխավոր և ավագ պաշտոններ զբաղեցնող անձինք,

է. քրեակատարողական ծառայության պաշտոններ զբաղեցնողներից` քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող անձինք,

ը. փրկարար ծառայության պաշտոններ զբաղեցնողներից` փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր և ավագ պաշտոններ զբաղեցնող անձինք,

թ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում պաշտոն զբաղեցնողներից՝ այդ մարմնի ստորաբաժանումների ղեկավարները.

10) համայնքային ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններ զբաղեցնող անձինք.

11) «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձինք:

3. Հայտարարագիր են ներկայացնում նաև սույն հոդվածի երկրորդ մասի 1-10-րդ կետերում նշված հայտարարատուներին (այսուհետ՝ պաշտոնատար անձ) փոխկապակցված անձինք: Սույն օրենքի համաձայն՝ փոխկապակցված անձինք են՝

1) պաշտոնատար անձի ամուսինը, համատեղ ապրող ծնողը և համատեղ ապրող չափահաս (18 տարին լրացած) չամուսնացած զավակը.

2) պաշտոնատար անձի ամուսնացած չլինելու և զավակ չունենալու դեպքում՝ համատեղ ապրող ծնողը և համատեղ ապրող չափահաս (18 տարին լրացած) չամուսնացած քույրը և եղբայրը.

3) պաշտոնատար անձի ամուսնացած չլինելու և զավակ ունենալու դեպքում՝ համատեղ ապրող չափահաս (18 տարին լրացած) չամուսնացած զավակը և համատեղ ապրող ծնողը:

4. Պաշտոնատար անձինք և նրանց փոխկապակցված անձինք հարկային տարվա համար հայտարարագիր են ներկայացնում, եթե պաշտոնատար անձը հարկային տարում գոնե մեկ օր զբաղեցրել է սույն հոդվածի երկրորդ մասի 1-10-րդ կետերում նշված պաշտոններից որևէ մեկը: Պաշտոնատար անձինք հայտարարատու են նաև զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող հինգ տարվա ընթացքում, իսկ նրանց փոխկապակցված անձինք` իրենց փոխկապակցված պաշտոնատար անձանց պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող երկու տարվա ընթացքում:

5. Հայտարարատուն հայտարարագիրը ներկայացնում է իր հաշվառման, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հիմնական բնակության վայրի (այսուհետ՝ հաշվառման վայրի) հարկային մարմին, բացառությամբ սույն հոդվածի վեցերորդ և յոթերորդ մասերում նշված դեպքերի:

6. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմիններում առանձին պաշտոններ զբաղեցնող անձանց համար կառավարությունը կարող է սահմանել հայտարարագրի ներկայացման այլ կարգ:

7. Հարկային մարմնի սահմանած դեպքում՝ հայտարարատուն հայտարարագիրը ներկայացնում է վերադաս հարկային մարմին:

(5-րդ հոդվածը խմբ., լրաց. 18.12.07 ՀՕ-300-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։