Հոդված 7. Հայտարարագրման ենթակա եկամուտները և դրանց ստացման աղբյուրները
Հոդված 7. Հայտարարագրման ենթակա եկամուտները և դրանց ստացման աղբյուրները
1. Հայտարարատուն սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում հայտարարագրում է հարկային տարում ստացած՝ սույն հոդվածով սահմանված եկամուտները և դրանց ստացման աղբյուրները:
Հայտարարատուի եկամուտների ստացման աղբյուր է հանդիսանում այն անձը, որը հարկային տարում հայտարարատուին վճարել է սույն հոդվածով սահմանված եկամուտ: Մասնավորապես, եկամուտների ստացման աղբյուր կարող են հանդիսանալ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունը, հիմնարկը, մասնաճյուղը, ներկայացուցչությունը, անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ կազմակերպությունը) կամ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձը:
Օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերը և (կամ) պարտադիր այլ վճարները եկամտի ստացման աղբյուրի մոտ պահված լինելու դեպքում հայտարարատուն եկամուտները հայտարարագրում է առանց այդ գումարների: Սույնը չի տարածվում «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող անձանց վրա:
2. Սույն օրենքի համաձայն` հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված հետևյալ եկամուտները՝
1) աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները.
2) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) և հեղինակային վարձատրությունը.
3) ստացված փոխառությունները (վարկերը) կամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը.
4) շահաբաժինները.
5) խաղատներում կամ շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները).
6) մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները).
7) նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած).
8) ժառանգության կարգով ստացված գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները).
9) ապահովագրական հատուցումները.
10) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.
11) գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց (այդ թվում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածում չնշված) ստացված եկամուտը.
12) վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը.
13) միանվագ վճարները.
14) գույքային իրավունքներից ստացված եկամուտը:
3. Հայտարարագրման ենթակա են նաև սույն հոդվածի երկրորդ մասով չսահմանված այլ եկամուտները՝ նշելով դրանց տեսակները և ստացման աղբյուրները:
4. Եկամուտը հայտարարագրելիս պետք է նշվի՝
1) եկամտի տեսակը.
2) եկամտի ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն.
3) եկամտի չափը (գումարը).
4) եկամտի արժույթը:
(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 18.12.07 ՀՕ-300-Ն)