Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-01-01-ից մինչև 2011-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Հոդված 6. Հայտարարագրման ենթակա գույքը

գործել է մինչև 2011-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 6. Հայտարարագրման ենթակա գույքը

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերում նշված հայտարարատուների համար հայտարարագրման ենթակա են հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող`

1) այն անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու (այսուհետ՝ անշարժ գույք), որը օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.

2) այն շարժական գույքը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը (այսուհետ՝ շարժական գույք), որը օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.

3) այն արժեթուղթը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը, բացառությամբ բանկային վկայագրի) և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթուղթը (բաժնեմասը, փայաբաժինը) (այսուհետ՝ արժեթուղթ և (կամ) այլ ներդրում), որը օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.

4) այն փոխառությունը, որը հայտարարատուն հանձնել է կամ նրան վերադարձվել է հարկային տարում: Սույն օրենքի իմաստով փոխառություն է համարվում հայտարարատուի կողմից այլ սուբյեկտի սեփականությանը դրամի (փոխառության գումարի) կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքի հանձնումը՝ միևնույն գումարի դրամ կամ ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույքի վերադարձնելու պայմանով (այսուհետ՝ փոխառություն).

5) սույն մասի 1-4-րդ կետերում չնշված` 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույքը (այսուհետ՝ թանկարժեք գույք), որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.

6) դրամական միջոցները (այդ թվում՝ բանկում ունեցած):

2. Հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձինք և փոխկապակցված անձինք, սույն օրենքի համաձայն, ներկայացվող առաջին հայտարարագրում նշում են նաև սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքը, շարժական գույքը, արժեթուղթը և (կամ) այլ ներդրումը, փոխառությունը և դրամական միջոցները (այդ թվում՝ բանկում ունեցած)՝ հարկային տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ:

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերում չնշված հայտարարատուների համար հայտարարագրման ենթակա է հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող`

1) անշարժ գույքը, եթե հարկային տարում անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 50 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 50 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են անշարժ գույքի ձեռքբերման և օտարման բոլոր գործարքները.

2) շարժական գույքը, եթե հարկային տարում շարժական գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են շարժական գույքի ձեռքբերման և օտարման բոլոր գործարքները.

3) արժեթուղթը և (կամ) այլ ներդրումը, եթե հարկային տարում արժեթղթերի ձեռքբերման և (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման և (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են արժեթղթերի ձեռքբերման և (կամ) այլ ներդրման և օտարման բոլոր գործարքները.

4) փոխառությունը, եթե հարկային տարում փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը (չափը) կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը (չափը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը (չափը) կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը (չափը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են փոխառության հանձնման և վերադարձման բոլոր գործարքները.

5) թանկարժեք գույքը, որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում:

4. Սույն օրենքում նշված հայտարարագրման ենթակա գույքի գինը (արժեքը) կամ արտարժույթով եկամուտը որոշելիս արտարժույթի համարժեքը հաշվարկվում է` ելնելով գործարքի օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից, իսկ բնամթերքով իրականացրած գործարքի գինը (արժեքը)՝ ելնելով բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլելու կարգով որոշվող գնից (արժեքից):

5. Գույքը հայտարարագրելիս պետք է նշվեն՝

1) անշարժ գույքի դեպքում՝ անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրի հասցեն, առկայությունը հարկային տարվա սկզբում և վերջում, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) և արժույթը.

2) շարժական գույքի դեպքում՝ շարժական գույքի տեսակը, մակնիշը և սերիան, առկայությունը հարկային տարվա սկզբում և վերջում, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) և արժույթը.

3) արժեթղթի և (կամ) այլ ներդրման դեպքում՝ արժեթղթի և (կամ) այլ ներդրման արժույթը, գինը (արժեքը) հարկային տարվա սկզբում և վերջում, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը).

4) փոխառության դեպքում՝ պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն, փոխառության արժույթը, փոխառության գումարը (չափը) հարկային տարվա սկզբում և վերջում, հարկային տարում հանձնված և վերադարձված փոխառության գումարը (չափը).

5) թանկարժեք գույքի դեպքում՝ գույքի անվանումը, առկայությունը հարկային տարվա սկզբում և վերջում, գույքի ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) և արժույթը.

6) դրամական միջոցի դեպքում՝ դրամական միջոցի արժույթը, չափը հարկային տարվա հունվարի 1-ի սկզբին և դեկտեմբերի 31-ի ավարտին:

(6-րդ հոդվածը խմբ. 18.12.07 ՀՕ-300-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։