Հոդված 16
Հոդված 16.
Զրոյական դրույքաչափով հարկումը` ապրանքների ու ծառայությունների արտահանման նկատմամբ արտահանող երկրի տարածքում և սույն հոդվածով սահմանված այլ դեպքերում ԱԱՀ-ով չհարկելն է և ապրանքներ ու ծառայություններ արտահանող անձին իր կողմից վճարված ԱԱՀ-ի գումարների լրիվ փոխհատուցումը (հաշվանցումը):
ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափը կիրառվում է`
1) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս մատակարարվող (արտահանվող) ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ, ինչպես նաև միջազգային երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերի լցավորման համար վառելանյութի ու ամբողջ երթուղու ընթացքում օդանավերում անձնակազմի և ուղևորների սպառման համար նախատեսվող ապրանքների մատակարարման նկատմամբ.
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս դրանց համար հանրապետության տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները վերադարձվում են նրանց մաքսային մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
2) օդանավակայաններում մաքսային և անձնագրային հսկողության տարածքից հետո հատուկ առանձնացված վայրերում միջազգային երթուղիներով մեկնող ուղևորներին ապրանքների մանրածախ վաճառքի նկատմամբ, եթե այդ ապրանքները մինչև վաճառքի դրվելը անցել են մաքսային ձևակերպում ներքին տարածքից ապրանքների արտահանման համար Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) սույն հոդվածի 1-2-րդ կետերում նշված մատակարարումների հետ անմիջականորեն կապված ծառայությունների (բեռնում, փոխադրում, բեռնաթափում, պահպանում և այլն) հարկվող շրջանառության նկատմամբ.
4) բոլոր փոխադրամիջոցներով ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի միջազգային փոխադրման ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ` հանրապետության տարածքից դուրս իրականացվող փոխադրումների մասով, ինչպես նաև հանրապետության տարածքում չընդհատվող երթուղով իրականացվող միջազգային փոխադրումների նկատմամբ.
5) միջազգային երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցների մատակարարման, սպասարկման (ներառյալ աէրոնավիգացիոն, թռիչք-վայրէջքի), նորոգման, վերասարքավորման և վարձակալության ծառայությունների, ինչպես նաև միջազգային երթուղիներով փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի սպասարկման ծառայությունների և փոխադրման ընթացքում ուղևորներին մատուցվող ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ.
6) այն ծառայությունների (այդ թվում` գործակալական, միջնորդական) հարկվող շրջանառության նկատմամբ, որոնք անմիջականորեն կապված են և ապահովում են սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերում նշված ծառայությունների մատուցումը.
7) օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից տրված հումքից, նյութերից ու կիսաֆաբրիկատներից իրենց պատվերով Հայաստանի Հանրապետության տարածքում այն արտադրանքի մշակման կամ հավաքման, շարժական գույքի նորոգման, արդիականացման և համանման այլ ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնք արտահանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում.
8) այն ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնց մատուցման վայրը, համաձայն սույն օրենքի, չի գտնվում Հայաստանի Հանրապետության ներքին տարածքում.
9) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հատուկ մաքսային ռեժիմով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների հարկվող շրջանառության նկատմամբ.
10) սփյուռքահայ համայնքների, օտարերկրյա պետությունների, օտարերկրյա և միջազգային միջկառավարական (միջպետական) կամ ոչ կառավարական (հասարակական և այլ համանման բնույթի) ու կրոնական կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից անհատույց տրամադրված միջոցների հաշվին մարդասիրական օգնության և բարեգործական, այլ սոցիալական ծրագրերի շրջանակներում կատարվող շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքների նկատմամբ.
11) դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով ներմուծվող կամ հանրապետության տարածքում ձեռք բերվող ապրանքների, նրանց մատուցվող ծառայությունների նկատմամբ.
12) հանրապետության տարածքով օտարերկրյա բեռների տարանցիկ փոխադրումների նկատմամբ.
Զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ԱԱՀ վճարողների մոտ դրանց հետ կապված ձեռք բերված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման) սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: