Հոդված 2
Հոդված 2.
ԱԱՀ վճարողներ են համարվում օրենքով սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն վարող և սույն օրենքի 6 հոդվածում թվարկված գործարքներ (գործառնություններ) իրականացնող անձինք:
Ձեռնարկատիրական գործունեություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեությունը: Տնտեսական գործունեություն է համարվում ցանկացած գործունեություն, որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց:
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա այն քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` ֆիզիկական անձինք), ովքեր գործատուների հետ կնքված պայմանագրերի համաձայն հանդիսանում են վարձու աշխատողներ և միաժամանակ չեն իրականացնում սույն օրենքի 6 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքներ (գործառնություններ) ԱԱՀ վճարող չեն հանդիսանում:
Ֆիզիկական անձինք դառնում են ԱԱՀ վճարողներ և նրանցից սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվում է ԱԱՀ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծելիս, եթե նրանց կողմից ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափերը: