Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Քաղաքացիական ավիացիայի առանձին կատեգորիայի աշխատողների երկարամյա ծառայության կենսաթոշակներ նշանակելու պայմանները

գործել է մինչև 1996-11-05Բացել ARLIS-ում

Հոդված 3. Քաղաքացիական ավիացիայի առանձին կատեգորիայի աշխատողների երկարամյա ծառայության կենսաթոշակներ նշանակելու պայմանները

Քաղաքացիական ավիացիայի առանձին կատեգորիայի աշխատողների երկարամյա ծառայության կենսաթոշակներ նշանակվում են`

1. Թռիչքային և թռիչքահրահանգչական անձնակազմի անդամներին` 40 տարին լրացած և առնվազն 20 տարի ծառայած այն կանանց, 45 տարին լրացած և առնվազն 25 տարի ծառայած այն տղամարդկանց, ովքեր զբաղեցրել են հետևյալ պաշտոնները կամ զբաղվել են աշխատանքային գործունեության հետևյալ տեսակներով`

- օդային նավատորմի և թռչող այլ ապարատների անձնակազմի անդամները.

- թռիչքահրահանգչական անձնակազմի անդամները.

- թռիչքահրամանատարական անձնակազմի անդամները` գերատեսչությունների, վարչությունների, միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և նրանց կառուցվածքային ստորաբաժանումների թռիչքային ծառայության (թռիչքային աշխատանքի) ղեկավարները, նրանց տեղակալները, տեսուչները և այն մասնագետները, ովքեր ունեն թռիչքային գործող վկայականներ և մասնակցում են թռիչքներին` օդանավի կամ թռչող այլ ապարատի անձնակազմում.

- բոլոր անվանումների պարաշյուտիստները, փրկարարները:

Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեն նաև վերը նշված պաշտոնները զբաղեցրած այն աշխատողները, ովքեր թռիչքային աշխատանքներից ազատվել են առողջական վիճակի պատճառով և ծառայել են` կանայք` առնվազն 15 տարի և տղամարդիկ` առնվազն 20 տարի:

2. Օդային երթևեկության կառավարումն իրականացնող ծառայությունների անձնակազմի անդամներին` 45 տարին լրացած և առնվազն 12 տարի ծառայած այն կանանց, 50 տարին լրացած և առնվազն 15 տարի ծառայած այն տղամարդկանց, ովքեր զբաղեցրել են հետևյալ պաշտոնները կամ զբաղվել են աշխատանքային գործունեության հետևյալ տեսակներով`

- դիսպետչերները.

- ավագ դիսպետչերները.

- դիսպետչեր-հրահանգիչները.

- դիսպետչերական կետերի պետերը.

- թռիչքների ղեկավարները.

- օդային երթևեկության կառավարման ծառայության պետերը.

- օդանավակայանների պետերը.

- օդային երթևեկության կառավարման գծով տեղակալները:

Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեն նաև վերը նշված պաշտոնները զբաղեցրած այն աշխատողները, ովքեր օդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքներից ազատվել են առողջական վիճակի պատճառով և ծառայել են` կանայք` առնվազն 7 տարի և տղամարդիկ` առնվազն 10 տարի:

Թռիչքային և թռիչքահրահանգչային անձնակազմում ծառայության ժամանակաշրջանի մեջ հաշվառվում է նաև օդային երթևեկության կառավարման աշխատանքը:

3. Ինժեներատեխնիկական անձնակազմի անդամներին` 50 տարին լրացած և առնվազն 15 տարի ծառայած այն կանանց, 55 տարին լրացած և առնվազն 20 տարի ծառայած այն տղամարդկանց, ովքեր զբաղվել են աշխատանքային գործունեության հետևյալ տեսակներով`

- բոլոր անվանումների ավիացիոն տեխնիկները (մեխանիկներ, մոտորիստներ և այլն).

- բոլոր անվանումների ինժեներները.

- օդային նավատորմի և թռչող այլ ապարատների տեխնիկական սպասարկման արտադրամասերի, հերթափոխերի, տեղամասերի, ծառայությունների, խմբերի պետերը.

- բորտ-օպերատորները և բորտ-ուղեկցորդները:

Ինժեներատեխնիկական անձնակազմի ծառայության ժամանակաշրջանի մեջ հաշվառվում է նաև թռիչքային, թռիչքահրահանգչական և օդային երթևեկության կառավարման աշխատանքների ժամանակաշրջանը:

4. Ավիացիայի թռիչքային, ինժեներատեխնիկական անձնակազմի, ինչպես նաև օդային երթևեկության կառավարման ծառայության աշխատողների երկարամյա ծառայության ժամկետները հաշվարկվում են`

ա) մխոցային օդանավերի վրա (բացի սույն կետի «բ» և «դ» ենթակետերով նախատեսված թռիչքներից և աշխատանքներից) յուրաքանչյուր 20 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ծառայություն.

բ) ռեակտիվ օդանավերի, ուղղաթիռների վրա, հատուկ կիրառման ավիացիայում (սանիտարական թռիչքները, ավիաքիմիական աշխատանքներ, ավիալուսանկարահանում, պարեկություն, մթնոլորտի զոնդում և այլ տեսակի աշխատանքներ), այլ պետությունների օդանավերին ուղեկցող խմբերի թռիչքային անձնակազմի պաշտոններում, թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական անձնակազմի, այդ թվում` ավիացիայի թռիչքային անձնակազմի կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր 12 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ծառայություն.

գ) վթարային-փրկարար (որոնող-փրկարար) ստորաբաժանումներում օդանավերի թռչող անձնակազմի մեկ տարվա աշխատանքը` որպես մեկ և կես տարվա ծառայություն.

դ) նախկին ԴՕՍԱԱՖ-ի ուսումնական և սպորտային ավիացիայի կազմակերպությունների թռչող անձնակազմի պաշտոններում մեկ տարվա աշխատանքը հաշվարկվում է որպես`

- մեկ և կես տարվա ծառայություն, եթե կատարվել է ուսումնաթռիչքային պատրաստման պլանը.

- երկու տարվա ծառայություն, եթե կատարվել են թռիչքային բարդ կամ բարձրակարգ հնարքներ.

ե) պարաշյուտիստների և փրկարարների մեկ տարվա աշխատանքը հաշվարկվում է որպես`

- մեկ և կես տարվա ծառայություն, եթե կատարվել է մխոցային օդանավերից, ուղղաթիռներից, դիրիժաբլներից և աէրոստատներից թռչելու, 10 մետրից ոչ պակաս բարձրության վրա կախման ռեժիմում գտնվող ուղղաթիռներից հատուկ իջեցնող (բարձրացնող) հարմարանքներից վայրէջքի (վերելքի) տարեկան նորման.

- երկու տարվա ծառայություն, եթե կատարվել է ռեակտիվ ինքնաթիռներից և ուղղաթիռներից թռիչքի տարեկան նորման:

Սույն կետի «դ» և «ե» ենթակետերին համապատասխան ծառայության ժամկետների արտոնյալ հաշվարկման իրավունք տվող պայմանների չկատարման դեպքում մեկ տարվա աշխատանքը հաշվարկվում է որպես մեկ տարվա ծառայություն:

Սույն կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան ծառայության ժամկետները հաշվարկվում են թռիչքային անձնակազմի պաշտոններում աշխատանքի ամբողջ ժամանակամիջոցի փաստացի թռիչքային ժամերը համապատասխանաբար 20-ի և 12-ի վրա բաժանելու միջոցով: Ծառայության տարեկան հաշվարկը կատարվում է ծառայության լրիվ ամիսների թիվը 12-ի վրա բաժանելու միջոցով:

Տարվա ընթացքում սույն կետում նշված տարբեր աշխատանքների կատարման դեպքում երկարամյա ծառայության ժամկետը հաշվարկվում է յուրաքանչյուր աշխատանքում թռիչքային ժամերի (զբաղվածության) համամասնական չափերով:

Թռիչքային անձնակազմի երկարամյա ծառայության ժամկետների մեջ հաշվի են առնվում`

- զինված ուժերի թռիչքային անձնակազմի պաշտոններում ծառայելու և թռիչքափորձարկման անձնակազմի պաշտոններում աշխատելու ժամանակը.

- այլ պետությունների քաղաքացիական ավիացիայի թռիչքային անձնակազմի պաշտոններում աշխատած ժամանակը` համապատասխան տեսակի թռիչքային աշխատանքների համար սույն կետով սահմանված կարգով, պայմանով, որ կատարվել են ապահովագրական վճարումները Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ.

- երեխաների խնամքի համար կանանց տրվող վճարովի արձակուրդը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տևողությամբ:

Ինժեներատեխնիկական անձնակազմի և օդային երթևեկության կառավարման ծառայության աշխատողների երկարամյա ծառայության ստաժի մեջ հաշվարկվում է ավիացիայի թռիչքային անձնակազմում կատարած աշխատանքը` սույն կետով նախատեսված կարգով, ըստ համապատասխան աշխատանքի տեսակի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։