Հոդված 7
Հոդված 7.
ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում)`
1) այն ծառայությունները, որոնց համար գանձվում է պետական տուրք.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա`
ա) պետական փակ բաժնետիրական ընկերությունների գույքի անհատույց փոխանցումն այլ պետական փակ բաժնետիրական ընկերություններին կամ բյուջետային հիմնարկներին (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմիններին).
բ) հարկ վճարողների կողմից անհատույց կամ մասնակի հատուցմամբ ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը.
3) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված ստորաբաժանումների միջև ապրանքների և ծառայությունների փոխանցումը (ներքին շրջանառություն).
4) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման (այդ թվում սեփականաշնորհման), ինչպես նաև ապապետականացման գործարքները.
5) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության` օրենքով սահմանված կարգով վերակազմավորման գործարքները.
6) պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծված վարձակալական ձեռնարկությունների վարձակալության գործարքները.
7) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի անվճարունակ ճանաչելու դեպքում` օրենքով սահմանված կարգով դատարանի որոշմամբ վերջիններիս պատկանող գույքի իրացման գործարքները.
8) օրենքով սահմանված կարգով բռնագանձված գույքի (այդ թվում գրավի առարկայի) իրացման գործարքները.
9) տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի և պետության կողմից գնված արժեքների իրացման շրջանառությունը.
10) դրամական ձևով տրվող ֆինանսական օգնությունը և շահաբաժինները.
11) Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը` այն մասով, որից հասույթն ամբողջությամբ հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին.
12) ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը.
13) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության մեկնող քաղաքացիների անձնական գույքի ներմուծումը:
14) Հայաստանի Հանրապետության տարածքում վերամշակման և հետագայում արտահանման նպատակով հանրապետություն ներկրվող օտարերկրյա պատվիրատուների սեփականություն համարվող ապրանքների ներմուծումը` դրանց վերամշակումից հետո պայմանագրով նախատեսված արտահանման ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում այդ ապրանքների արտահանման պարտավորագրի առկայության դեպքում: Նշված ժամկետում այդ ապրանքները փաստացի չարտահանելու դեպքում ԱԱՀ գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
(7-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 26.12.97 ՀՕ-177, լրաց. 06.07.98 ՀՕ-242, խմբ. 28.12.98 ՀՕ-276)