Հոդված 7
Հոդված 7.
ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում)`
1) պետական տուրքի գումարը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա`
ա) պետական փակ բաժնետիրական ընկերությունների գույքի անհատույց փոխանցումն այլ պետական փակ բաժնետիրական ընկերություններին կամ բյուջետային հիմնարկներին (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմիններին).
բ) հարկ վճարողների կողմից անհատույց կամ մասնակի հատուցմամբ ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը.
3) հրապարակային պայմանագրերով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում իրացված ապրանքների իրացնողի կողմից անհատույց մատուցվող սպասարկման ծառայությունները, այդ ծառայությունների շրջանակներում սահմանված որակին չհամապատասխանող ապրանքների, դրանց կոմպլեկտավորող տարրերի անհատույց փոխարինումը, այն ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը, որոնց արժեքը ներառված է հրապարակային պայմանագրերի համաձայն մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների արժեքում.
4) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման (այդ թվում սեփականաշնորհման), ինչպես նաև ապապետականացման գործարքները.
5) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության` օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման գործարքները.
6) պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծված վարձակալական ձեռնարկությունների վարձակալության գործարքները.
7) (7-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)
8) (8-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)
9) տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի և պետության կողմից գնված արժեքների իրացման շրջանառությունը.
10) բռնագրավման կամ նվիրատվության ձևով գույքի կամ գույքային իրավունքի օտարումը պետությանը.
11) Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը` այն մասով, որից հասույթն ամբողջությամբ հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին.
12) ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը.
13) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության մեկնող քաղաքացիների անձնական գույքի ներմուծումը:
14) (14-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)
(7-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 26.12.97 ՀՕ-177, լրաց. 06.07.98 ՀՕ-242, խմբ. 28.12.98 ՀՕ-276, խմբ., փոփ. 26.12.00 ՀՕ-126)