Հոդված 2
Հոդված 2.
Օրենսգրքի 190-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 190. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)
1. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելիությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)`
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` սույն օրենսգրքի
55-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:
4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
5. Սույն հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված գույք է հանդիսանում ցանկացած գույքը, ներառյալ` դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտներ, որոնք ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել են սույն օրենսգրքի 104-րդ, 112-113-րդ, 117-րդ, 122-րդ, 131-134-րդ, 166-րդ, 168-րդ, 175-224-րդ, 233-235-րդ, 238-րդ, 261-262-րդ, 266-270-րդ, 281-րդ, 284-րդ, 286-289-րդ, 291-292-րդ, 295-րդ, 297-298-րդ, 308-313-րդ, 329-րդ, 352-րդ, 375-րդ, 383-րդ, 388-րդ և 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում:»: