Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 55. Գույքի բռնագրավումը
1. Գույքի բռնագրավումը դատապարտյալի սեփականությունը համարվող գույքը կամ դրա մի մասը հարկադրաբար և անհատույց վերցնելն է` ի սեփականություն պետության:
2. Գույքի բռնագրավման չափը դատարանը որոշում է` նկատի ունենալով հանցագործությամբ հասցված գույքային վնասի, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի չափը: Գույքի բռնագրավման չափը չի կարող գերազանցել հանցագործությամբ հասցված վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի չափը:
3. Գույքի բռնագրավումը կարող է նշանակվել շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով նախատեսված դեպքերի:
4. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ձեռք բերված գույքի, ներառյալ` այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, այդ արարքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների, իսկ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չհայտնաբերման դեպքում` այդ գույքին համարժեք այլ գույքի բռնագրավումը պարտադիր է: Այդ գույքը ենթակա է բռնագրավման` անկախ դատապարտյալի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից:
5. Ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի, այդ թվում` սույն օրենսգրքի 217-րդ հոդվածով նախատեսված արարքների ֆինանսավորման նպատակով օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գույքի, ներառյալ` այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, այդ արարքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների, իսկ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի չհայտնաբերման դեպքում այդ գույքին համարժեք այլ գույքի բռնագրավումը պարտադիր է: Այդ գույքը ենթակա է բռնագրավման` անկախ դատապարտյալի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից:
6. Բռնագրավման ենթակա չէ դատապարտյալի կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ գույքն այն ցանկին համապատասխան, որը սահմանված է օրենքով, ինչպես նաև սույն հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով նախատեսված` բարեխիղճ երրորդ անձի գույքը:
7. Սույն հոդվածի իմաստով բարեխիղճ երրորդ անձ է հանդիսանում այն անձը, որը գույքն այլ անձի հանձնելիս չգիտեր և չէր կարող իմանալ, որ այդ գույքն օգտագործվելու է կամ նախատեսվում է օգտագործել հանցավոր նպատակներով, ինչպես նաև այն անձը, որը ձեռք է բերել գույք, բայց չգիտեր և չէր կարող իմանալ, որ այդ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով:»: