Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 8.
Ընդհանուր սեփականության դեպքում հարկվող օբյեկտ համարվող հողամասի հողի հարկը հաշվարկվում է ամբողջ հողամասի հարկման օբյեկտից՝ սույն օրենքով սահմանված հաշվառող մարմնի կամ համասեփականատեր կազմակերպության կողմից:
Եթե հողի հարկով հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա հողի հարկի` սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:
Եթե հողի հարկով հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա հողի հարկի` սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն՝ յուրաքանչյուրն իր բաժնի չափով:
Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից սույն օրենքի 15 հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, համասեփականատեր ֆիզիկական անձանց հողի հարկը հաշվարկում են`
ա) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի բոլոր պարտավորությունները համասեփականատերերից որևէ մեկի համար.
բ) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի պարտավորությունները համասեփականատերերից յուրաքանչյուրի համար (իր բաժնի չափով):
Եթե ընդհանուր սեփականության դեպքում համասեփականատերերից որևէ մեկը կազմակերպություն է, ապա հարկվող օբյեկտ համարվող հողամասի հողի հարկը հաշվարկում է համասեփականատեր կազմակերպությունը`
ա) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի բոլոր պարտավորությունները, հաշվառող մարմին ներկայացվող հաշվարկի ձևում նշելով համասեփականատերերի վերաբերյալ պահանջվող տվյալները.
բ) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի պարտավորությունն իր բաժնի չափով, հաշվառող մարմին ներկայացվող հաշվարկի ձևում նշելով համասեփականատերերի և նրանց բաժնեմասերի վերաբերյալ պահանջվող տվյալները:»: