Հոդված 12. Հաղորդակցուղիների տեղադրումը ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում
Հոդված 12. Հաղորդակցուղիների տեղադրումը ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում
1. Ավտոմոբիլային ճանապարհների հատումը ոռոգման առուներով, կապի և էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղագծերով, դրանց տեղադրումը և վերատեղադրումը օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում կատարվում են օրենսդրությամբ սահմանված կարգով` դրանց տնօրինողների համաձայնությամբ: Եթե հաղորդակցուղիների և այլ կառույցների շինարարության իրականացման հետևանքով առաջանում է պետական ճանապարհի վերակառուցման կամ նորոգման անհրաժեշտություն, ապա դա կատարվում է շինարարությունը կատարողի հաշվին:
2. Հաղորդակցուղիների և այլ շինությունների ու հարմարանքների տեղադրումը ճանապարհի օտարման շերտում չպետք է հակասի ճանապարհի շահագործմանը և անվտանգ երթևեկությանը ներկայացվող պահանջներին:
3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում գտնվող հաղորդակցուղիները և այլ շինություններն ու հարմարանքները պետք է պահվեն պատշաճ վիճակում և ճանապարհի վերակառուցման կամ նորոգման դեպքում տեղափոխվեն կամ վերաշինվեն դրանց սեփականատիրոջ հաշվին:
4. Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա բոլոր տեսակի աշխատանքները կատարում են դրանց տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցված պայմաններով: