Հոդված 10. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքը
Հոդված 10. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքը
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկությունը թույլատրվում է առանց սահմանափակումների`
ա) տրանսպորտային միջոցների (մարդատար, բեռնատար և հատուկ նշանակության ավտոմեքենաներ, ավտոբեռնասայլակներ, ավտոբուսներ, պիկապներ, մոտոցիկլետներ, մոտոռոլերներ և օդաճնշման դողերով այլ ինքնագնաց մեքենաներ ու մեխանիզմներ) համար` ճանապարհի երթևեկամասով.
բ) հետիոտնի և սայլակներով տեղաշարժվող հաշմանդամների համար` մայթերով և կողնակներով.
գ) հեծանվորդների համար` մայթերով, կողնակներով և հեծանվային արահետներով:
2. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին ճանապարհային և կլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում երթևեկությունը կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել պետական ճանապարհային մարմնի ցուցումով:
3. Եթե ճանապարհից օգտվելը սպառնում է երթևեկության անվտանգությանը, ապա երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կարող է ճանապարհի առանձին տեղամասերում սահմանափակել կամ դադարեցնել երթևեկությունը` անհապաղ իրազեկ պահելով պետական ճանապարհային մարմնին կամ ճանապարհի սեփականատիրոջը, նշելով սահմանափակման կամ դադարեցման պատճառը, մոտավոր ժամկետը:
4. Մշտական, ինչպես նաև վթարային իրավիճակների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի կապակցությամբ տեղադրվող ժամանակավոր նշանների տեղադրման և սպասարկման ծախսերը կատարում և այդ նշանները տեղադրում է ճանապարհի սպասարկումն իրականացնող կապալառու կազմակերպությունը` սպասարկման պայմանագրին համապատասխան:
5. Վթարային իրավիճակից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերից բացի, այլ հիմքով երթևեկության ժամանակավոր կարգավորման նպատակով տեղադրվող ժամանակավոր նշանների տեղադրման և սպասարկման ծախսերը կատարում է նշանների տեղադրման պատվիրատուն` իր հաշվին:
6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են`
ա) թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաների և մեխանիզմների երթևեկությունը ասֆալտբետոնե և սև խճային ու կոպճային ծածկով (այսուհետ` կատարելագործված ծածկով) ավտոճանապարհներով.
բ) երթևեկամասի և կողնակների վրա մեքենաներ և մեխանիզմներ, կողմնակի առարկաներ, շինարարական նյութեր, ձյուն, շինարարական և կենցաղային աղբ թողնելը կամ թափելը.
գ) ոռոգման նպատակով կողային առուների օգտագործումը.
դ) չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների` ճանապարհից դուրս գալը կամ ճանապարհ մտնելը.
ե) կողնակների վրա ապրանքներ վաճառելը.
զ) երթևեկելի մասի, կողնակների ու մայթերի, հետիոտն և հեծանվաուղիների, կամուրջների, ավտոտաղավարների և այլ կառույցների, ճանապարհային նշանների, լուսավորող սարքավորումների, պարսպումների ու կանաչ տնկիների վնասումը և աղտոտումը.
է) ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը` առանց ճանապարհը տնօրինողների հետ երթևեկության երթուղին համաձայնեցնելու.
ը) առանց ճանապարհը տնօրինողների հետ համաձայնեցնելու` ճանապարհային հեռանկարային շինարարության համար պայմաններ ստեղծելու նպատակով նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի և կառուցվածքների նախագծումը: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքը և սահմանափակումները սահմանում են դրանց սեփականատերերը: