Հոդված 13. Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտը և պաշտպանական գոտիները
Հոդված 13. Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտը և պաշտպանական գոտիները
1. Ավտոմոբիլային ճանապարհներն ունեն օտարման շերտ, իսկ բնակավայրերից դուրս գտնվող վայրերում` նաև պաշտպանական գոտիներ: Օտարման շերտի չափերը հաշվարկվում են շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների չափերը, հաշված ճանապարհի առանցքից, սահմանվում են`
ա) 1-ին կարգի ճանապարհների համար` 70 մետր.
բ) 2-րդ և 3-րդ կարգի ճանապարհների համար` 50 մետր.
գ) 4-րդ կարգի ճանապարհների համար` 30 մետր:
3. Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման աշխատանքները չպետք է խոչընդոտեն պաշտպանական գոտու մելիորատիվ համակարգի և կառուցվածքների անխափան գործունեությանը կամ չպետք է սահմանափակեն դրանց առավելագույն հաշվարկային թողունակությունը, կանոնավոր գործունեությունը և հիդրոլոգիական ռեժիմը:
4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի հողերը գտնվում են պետական ճանապարհային մարմնի, իսկ ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի հողերը` ավտոմոբիլային ճանապարհների սեփականատերերի տնօրինության տակ:
5. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողերը գտնվում են հողի սեփականատերերի տնօրինության տակ:
6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց այդ ճանապարհները տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցնելու, արգելվում են`
ա) կառուցել շենքեր, կառույցներ, ինժեներական հաղորդակցումներ, կատարել լեռնահետազոտական և արդյունահանման աշխատանքներ.
բ) կատարել անտառահատում և վնասել հողածածկույթը.
գ) իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում).
դ) տեղադրել ճանապարհային երթևեկությանը չվերաբերող նշաններ, ցուցանակներ, կատարել ճանապարհային տեսանելիությունը խանգարող ծառատնկումներ և լուսավորություն:
7. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի սահմաններում օրենքով սահմանված կարգով աշխատանքներ կատարող կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք պատասխանատու են համաձայնեցված տեխնոլոգիայի, կատարման ժամկետների պահպանման, աշխատանքների կատարման գոտում և ժամանակավոր շրջանցներում կամ ելքերում ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման համար: Նրանք պարտավոր են աշխատանքները ավարտելուց հետո անհապաղ վերականգնել աշխատանքների կատարման հետևանքով վնասված ճանապարհի հողապաստառը, ճանապարհային կահավորանքը, տեխնոլոգիական կապն ու կանաչ տնկիները, հավաքել և հեռացնել ավելորդ հողը, աղբը, չօգտագործված նյութերն ու կառուցվածքները:
8. Աշխատանքների կատարման վայրը պետք է ցանկապատվի տեսանելի պարսպով և կահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով, իսկ օրվա մութ ժամերին ու անբավարար տեսանելիության պայմաններում` նաև լրացուցիչ ազդանշանային լուսավորությամբ: Դրանց տեղադրումն իրականացվում է պետական ճանապարհային մարմնի և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) հետ համաձայնեցված կարգով:
9. Բնահողային ծածկով ճանապարհի միացումները կատարելագործված ծածկով ճանապարհների հետ պետք է իրականացվեն խճային կամ կոպճային ամուր ծածկով ճանապարհով:
10. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ճանապարհի երկարությամբ հաղորդակցուղիների տեղադրումը կատարվում է շինարարական նորմերի պահանջներին համապատասխան` դրանց տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցմամբ:
11. Անմիջական ճանապարհի հողային պաստառի վրայով, բացի ճանապարհային տեխնոլոգիական կապից և լուսավորումից, որևէ հաղորդակցուղի տեղադրելն արգելվում է:
12. Քաղաքային կամ գյուղական համայնքներում և այլ բնակավայրերում բացառության կարգով թույլատրվում է կապի և էլեկտրահաղորդման գծերը, գազատար, խմելու ջրի և կոյուղու խողովակաշարերը տեղադրել ավտոմոբիլային ճանապարհի կողնակի կամ մայթի արտաքին եզրով` դրանց տնօրինողների հետ համաձայնեցված կարգով:
13. Բնակավայրերի փողոցներ (ճանապարհներ) հանդիսացող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներում հաղորդակցուղիների տեղադրումը կատարվում է շինարարական նորմերի պահանջներին համապատասխան և դրանց տնօրինողների համաձայնությամբ` երթևեկելի մասի սահմաններից դուրս:
14. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում գտնվող հաղորդակցուղիների, շինությունների անսարքության պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների համար պատասխանատվություն են կրում դրանց սեփականատերերը:
15. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները շահագործող և պահպանող մարմինները պարտավոր են`
ա) ժամանակին իրազեկել պաշտպանական գոտիների հողի սեփականատերերին և հողօգտագործողներին ճանապարհի պահպանության աշխատանքների` այդ գոտիների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ և միջոցներ ձեռնարկել դրանք կանխելու ու հետևանքները վերացնելու ուղղությամբ.
բ) ժամանակավոր շրջանցումների ու ճանապարհների օգտագործման ժամկետը լրանալուց և ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներն ավարտելուց հետո վերականգնել պաշտպանական գոտու հողերի նախնական տեսքը.
գ) օրենքով սահմանված կարգով փոխհատուցել ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման աշխատանքների կատարման ժամանակ հողի սեփականատերերին և հողօգտագործողներին պատճառված վնասներն ու կորուստները:
16. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերը և հողօգտագործողները պարտավոր են`
ա) կառուցել պաշտպանական գոտում գտնվող օբյեկտները ճանապարհի հետ միացնող ուղիներ` նախօրոք համաձայնեցնելով ճանապարհը տնօրինողների և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմնի հետ.
բ) իրենց հողատարածքի սահմաններում ճանապարհի օտարման շերտին հարող տարածքները և ցանկապատերը պահել նորոգված ու բարեկարգ վիճակում.
գ) թույլ չտալ իրենց կողմից աղբի, ձյան, շինանյութերի և կառուցվածքների կուտակում` ճանապարհի կողեզրից 10 մետրից պակաս հեռավորության վրա.
դ) կանխել իրենց հողատարածքից տրանսպորտային միջոցների և անասունների ճանապարհ դուրս գալը` այդ նպատակի համար չնախատեսված տեղերում.
ե) թույլատրել ճանապարհի ձմեռային պահպանության համար անհրաժեշտ շարժական վահանների, ավազի ու խարամի տեղադրումը ճանապարհից անհրաժեշտ հեռավորության վրա.
զ) ավտոմոբիլային ճանապարհի կանոնավոր շահագործման պայմանների ապահովման նպատակով, ինչպես նաև նորոգման կամ վերանորոգման անհրաժեշտության դեպքում պետական ճանապարհային մարմնի պահանջով վերացնել կամ տեղափոխել պաշտպանական գոտում գտնվող կառույցները կամ տեսանելիությանը խանգարող ծառերը, ինչպես նաև թույլատրել պետական ճանապարհային մարմնին` օրենքով սահմանված կարգով կառուցելու ժամանակավոր շրջանցումներ և ճանապարհներ: