Հոդված 1
Հոդված 1.
1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը և երկու Կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ հասցեատերերի հնարավորություն է ընձեռում Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկից (ՎՎԲ) ստանալ հետևյալ գումարները.
1. մինչև ընդհանուր 8.000.000 (ութ միլիոն) եվրո գումարի չափով վարկ` հետևյալ ծրագրերի համար.
ա) «Հիպոթեքային շուկայի զարգացում» ծրագրին` 6.000.000 (վեց միլիոն) եվրո,
բ) ի հավելումն «Համայնքային ենթակառուցվածքներ I» ծրագրին` 2.000.000 (երկու միլիոն) եվրո, եթե ուսումնասիրության արդյունքում հաստատվի ծրագրերի իրագործումն օժանդակելու նպատակահարմարությունը:
2. Մինչև 1.000.000 (մեկ միլիոն) եվրո գումարի չափով Ֆինանսական օժանդակություններ` հետևյալ ծրագրի համար.
«Հիպոթեքային շուկայի զարգացում» ծրագրի օժանդակ միջոցառումներին` մինչև 1.000.000 (մեկ միլիոն) եվրո:
3. Ի հավելումն «Ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ III» ծրագրին` 2003 թ. հատկացման տարվա միջոցների վերածրագրումից գոյացած` մինչև 400.000 (չորս հարյուր հազար) եվրո,
եթե ուսումնասիրության արդյունքում հաստատվի ծրագրերի իրագործումն օժանդակելու նպատակահարմարությունը:
2) Վերոհիշյալ միջկառավարական բանակցությունների հիման վրա սկզբնապես «Հարավային Կովկաս - Բնապահպանական ծրագրին» ուղղված (հատկացման տարի` 2003) օժանդակ միջոցառումներից 300.000 (երեք հարյուր հազար) եվրո արժողության միջոցները ամբողջությամբ վերածրագրվելու և ուղղվելու են «Ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ III» ծրագրին` ի հավելումն, և «Ավանդների երաշխիքային հիմնադրամի ստեղծում» ծրագրի (հատկացման տարի` 2003) օժանդակ միջոցառումներից 100.000 (հարյուր հազար) եվրո մասնակի գումարը վերածրագրվելու և ուղղվելու է «Ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ III» ծրագրին` ի հավելումն:
1-ին հոդվածի 1-ին կետում նշված` «Համայնքային ենթակառուցվածքներ I» ծրագրին ի հավելումն ուղղված 2.000.000 (երկու միլիոն) եվրո արժողությամբ վարկը կարող է վերածվել դրամաշնորհի, եթե ուսումնասիրության արդյունքում, դրամաշնորհի նպատակահարմարության հաստատումից բացի, կատարված լինեն նաև դրամաշնորհի հատկացման համար անհրաժեշտ նախադրյալներն ու հիմնարար պայմանները:
3) 2005 թ. վերոհիշյալ միջկառավարական բանակցությունների հիման վրա 1.000.000 (մեկ միլիոն) եվրո ընդհանուր արժողության միջոցները կուղղվեն ուսումնավերապատրաստական ծրագրերին, այդ թվում`
1. 500.000 (հինգ հարյուր հազար) եվրո արժողության միջոցները` Գերմանա-հայկական հիմնադրամի (ԳՀՀ) աջակցմանն ուղղված ուսումնավերապատրաստական ծրագրին, և
2. 500.000 (հինգ հարյուր հազար) եվրո արժողության միջոցները` Հիպոթեքային շուկայի զարգացման աջակցմանն ուղղված ուսումնավերապատրաստական ծրագրին:
4) 2003 թ. միջկառավարական բանակցությունների հիման վրա 1.700.000 (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) եվրո արժողությամբ միջոցները կուղղվեն ««Համայնքային ենթակառուցվածքներ» նաև այլ շրջաններում (ՀԵԾ II)» ծրագրի աջակցմանն ուղղված ուսումնավերապատրաստական ծրագրին:
5) Ուսումնավերապատրաստական ծրագրերում ներգրավված փորձագետների համար գործում են ինչպես սույն Համաձայնագրի, այնպես էլ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև 1998թ. հուլիսի 27-ին կնքված Տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի պայմանները:
6) Եթե չհաստատվի 1-ին պարբերության 2-րդ կետում նշված ծրագրի աջակցման նպատակահարմարությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը հնարավորություն կընձեռի Վերականգնման վարկերի բանկից ստանալու վարկ` մինչև նախատեսված ֆինանսական օժանդակության չափով:
7) Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունների միջև առկա պայմանավորվածության դեպքում 1-ին պարբերությունում նշված ծրագրերը կարող են փոխարինվել այլ ծրագրերով: Եթե 1-ին պարբերության 2-րդ կետում նշված ծրագրերից մեկը փոխարինվի մեկ այլ ծրագրով, որը, որպես բնապահպանական կամ սոցիալական ենթակառուցվածքներին վերաբերող ծրագիր կամ միջին ձեռնարկություններին հասցեագրված վարկային երաշխավորման հիմնադրամ, որպես հասարակության մեջ կանանց դերի բարձրացմանն ուղղված միջոցառում կամ աղքատության հաղթահարմանն ուղղված ինքնաֆինանսավորվող միջոցառում, կբավարարի ֆինանսական հատկացման ճանապարհով ցուցաբերվող աջակցության հատուկ նախապայմանները, ապա կարող է հատկացվել ֆինանսական օժանդակություն, այլ դեպքում` վարկ:
8) Սույն Համաձայնագիրը շարունակում է կիրառվել նաև այն դեպքում, եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը ավելի ուշ ժամանակահատվածում հնարավորություն է ընձեռում վարկի կամ ֆինանսական օժանդակության տեսքով հատկացումներ ստանալ 1-ին պարբերությունում ներկայացված ծրագրերի նախապատրաստական քայլերը իրագործելու նպատակով, կամ` ֆինանսական օժանդակության հետագա հատկացումներ` 1-ին պարբերությունում ներկայացված ծրագրի իրականացմանը և ընթացքն ապահովելուն ուղղված անհրաժեշտ օժանդակ միջոցառումների համար:
9) Նախապատրաստական և հարակից միջոցառումների իրագործմանն ուղղված ֆինանսական օժանդակությունները, համաձայն 1-ին պարբերության 2-րդ կետի և 4-րդ պարբերության, վերածվում են վարկերի, եթե դրանք չեն օգտագործվում հիշյալ նպատակներով: