Հոդված 10. Վերահսկիչ պալատի խորհուրդը և նրա իրավասությունները
Հոդված 10. Վերահսկիչ պալատի խորհուրդը և նրա իրավասությունները
1. Վերահսկիչ պալատի ղեկավարման մարմինը վերահսկիչ պալատի խորհուրդն է: Վերահսկիչ պալատի խորհուրդը բաղկացած է յոթ անդամներից` վերահսկիչ պալատի նախագահից, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալից և խորհրդի մյուս հինգ անդամներից: Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը և խորհրդի մյուս հինգ անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից` վերահսկիչ պալատի նախագահի առաջարկությամբ, վեց տարի ժամկետով, բացառությամբ խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետների:
2. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` վերահսկիչ պալատի նախագահի կողմից: Խորհրդի նիստ կարող է գումարվել նաև վերահսկիչ պալատի խորհրդի անդամների առնվազն երեքի պահանջով:
3. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը նախագահում է վերահսկիչ պալատի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:
4. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստ չի կարող գումարվել վերահսկիչ պալատի նախագահի և տեղակալի միաժամանակյա բացակայության դեպքում:
5. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը արձանագրվում են։ Արձանագրությունները ստորագրում է վերահսկիչ պալատի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը։
6. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է առնվազն խորհրդի չորս անդամ։
7. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերին կարող են ներկա գտնվել Ազգային ժողովի պատգամավորները և կառավարության անդամները, իսկ վերահսկիչ պալատի նախագահի հրավերով նաև պետական այլ մարմինների, ինչպես նաև հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչները և այլ անձինք։
8. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում քննարկվող հարցերը հաստատվում են խորհրդի որոշմամբ, որն ընդունվում է քվեարկության միջոցով` առնվազն չորս կողմ ձայնի դեպքում: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Արգելվում է ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումը խորհրդի մեկ անդամից մյուսին:
9. Վերահսկիչ պալատի խորհրդի որոշումները ստորագրում է վերահսկիչ պալատի նախագահը: Եթե վերահսկիչ պալատի խորհրդի նիստին ներկա խորհրդի անդամը համաձայն չէ ընդունված որոշմանը, ապա խորհրդի նիստի արձանագրության մեջ պետք է նշվի վերջինիս դեմ լինելու հիմքերը:
10. Վերահսկիչ պալատի խորհուրդը քննարկում և հաստատում է՝
ա) վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը.
բ) տարեկան ծրագրում չընդգրկված վերահսկողության նոր թեմա, որը տարեկան ծրագրի բաղկացուցիչ մաս է, և որի վրա տարածվում են ծրագրային հարցին վերաբերող սույն օրենքով սահմանված դրույթները: Նոր թեմա սահմանելու մասին վերահսկիչ պալատի խորհրդի որոշումը ենթակա է հրապարակման Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում և ուժի մեջ է մտնում հրապարակումից տասն օր հետո.
գ) վերահսկիչ պալատի ընթացիկ և տարեկան հաշվետվությունը.
դ) Ազգային ժողով ներկայացվող հետևյալ եզրակացությունները՝
- պետական բյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության վերաբերյալ,
- պետական գույքի մասնավորեցման տարեկան ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության վերաբերյալ,
- կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության վերաբերյալ.
ե) վերահսկիչ պալատի բյուջետային հայտը, նախահաշիվը, վերջինիս կատարողականը, սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պահուստային ֆոնդից ծախսերի կատարման վերաբերյալ որոշումը.
զ) տարեկան ծրագրով նախատեսված թեմայի շրջանակներում տվյալ վերահսկվող օբյեկտի նկատմամբ վերահսկողության իրականացման վերաբերյալ որոշումը.
է) վերահսկիչ պալատի կանոնակարգի և դրանում փոփոխությունների և լրացումների նախագծերը.
ը) վերահսկիչ պալատի լոկալ իրավական ակտերը.
թ) վերահսկիչ պալատի պարբերականը.
ժ) վերահսկիչ պալատի խորհրդի հաստատած ընթացիկ հաշվետվության, եզրակացության դեմ բերված վարչական բողոքները.
ժա) օրենսդրությամբ սահմանված այլ հարցեր: