Հոդված 4
Հոդված 4.
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
արտաքին պետական վերահսկողություն (վերահսկողություն)՝ գործընթաց, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով վերահսկիչ պալատին վերապահված վերահսկողական լիազորությունների կատարմանը.
տարեկան ծրագիր՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատվող վերահսկիչ պալատի գործունեության մեկ տարվա ծրագիր.
ծրագրային հարց՝ վերահսկիչ պալատի տարեկան ծրագրով սահմանված թեմա.
վերահսկվող օբյեկտ՝ ծրագրային հարցի կատարման նպատակով վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող պետական մարմին, պետական կառավարչական հիմնարկ, պետական կամ ոչ պետական կազմակերպություն` անկախ կազմակերպաիրավական տեսակից, անհատ ձեռնարկատեր.
տարեկան հաշվետվություն՝ տարեկան ծրագրի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացվող վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների հաշվետվություն.
ընթացիկ հաշվետվություն, եզրակացություն՝ ծրագրային հարցի վերահսկողության արդյունքի վերաբերյալ վերահսկիչ պալատի կողմից կազմվող փաստաթղթեր.
արձանագրություն՝ վերահսկողության ընթացքում կազմվող միջանկյալ փաստաթուղթ, որը հանդիսանում է ընթացիկ հաշվետվության հիմք.
ֆինանսական վերահսկողություն` վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության տեսակ, որի միջոցով որոշվում է բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման ընթացքում ֆինանսատնտեսական փաստաթղթերի վարման և արդյունքում ներկայացվող հաշվետվությունների արժանահավատությունը.
համապատասխանության վերահսկողություն՝ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության տեսակ, որի միջոցով որոշվում է բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման համապատասխանությունն իրավական ակտերով սահմանված պահանջներին.
արդյունավետության (կատարողական) վերահսկողություն՝ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության տեսակ, որի միջոցով որոշվում է բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման, ինչպես նաև առաջադրված նպատակին հասնելու արդյունավետությունը.
բնապահպանական վերահսկողություն՝ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության տեսակ, որի միջոցով որոշվում է բյուջետային միջոցների և պետական սեփականության օգտագործման համապատասխանությունը բնապահպանության ոլորտի օրենսդրական ակտերի պահանջներին` շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը գնահատելու նպատակով.
դիտարկում` վերահսկվող օբյեկտի մասին նախնական պատկերացում կազմելու համար առանց վերահսկվող օբյեկտ մուտք գործելու տեղեկատվության հավաքման միջոցով վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության ձև.
ստուգում՝ վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտում իրականացվող վերահսկողության ձև` վերահսկվող օբյեկտի գործունեության վիճակը փաստացի արձանագրելու նպատակով.
վերլուծություն՝ դիտարկումների ու ստուգումների արդյունքների ամփոփման միջոցով կամ առանց դրա վերահսկողության ձև, որը հիմնված է մասնագիտական հետազոտման, համադրման և եզրակացության վրա.
հանդիպակաց ստուգում` վերահսկվող օբյեկտի կողմից դրամական գործառնություններ կատարելու, հաշվետվություններ և հաշվարկներ կազմելու ճշտությունը պարզելու նպատակով վերահսկվող օբյեկտի կնքած գործարքի մյուս կողմի մոտ` միայն տվյալ գործարքով նախատեսված պարտականությունների կատարման շրջանակներում իրականացվող ստուգում: