Հոդված 82. Պահանջների բավարարման հերթականությունը
Հոդված 82. Պահանջների բավարարման հերթականությունը
1. Պարտատերերի պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`
ա) կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`
- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը,
- վարչական աշխատողների աշխատավարձը,
- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,
- պարտադիր սոցիալական վճարումները, այդ թվում` գործատուի պարտադիր սոցիալական վճարումները,
- աշխատավարձի և սոցիալական ապահովության վճարումներին վերաբերող փաստաթղթերի արխիվացման ծախսերը.
բ) այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման հաշվարկի միջոցով, ինչպես նաև պարտապան քաղաքացու նկատմամբ ալիմենտների գծով պահանջները (երեխա, անաշխատունակ ծնող, անաշխատունակ ամուսին).
գ) աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները (ներառյալ` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև լուծարումն առաջացած), բայց ոչ ավելի, քան պարտապանին սնանկ ճանաչելու պահին նախորդող 6 ամիսը, հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումները և սույն հերթի պահանջների բավարարումից առաջացած պարտադիր սոցիալական վճարումները.
դ) դատական ծախսերը.
ե) ընթացիկ անուղղակի հարկային պարտավորությունները` կապված պարտապանի գույքի վաճառքի հետ.
զ) չապահովված պահանջները, որոնք առաջացել են պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` սույն օրենքով սահմանված կարգով իրականացված գործառնությունների (այդ թվում` գործունեության վերսկսման) հետևանքով.
է) չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ առաջացած` հարկային, պարտադիր այլ վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների.
ը) ստորադաս չապահովված պարտատերերի պահանջները` համաձայն սույն օրենքի 83-րդ հոդվածի.
թ) պարտապանի հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների) պահանջները:
2. Սույն հոդվածի առաջին մասի «բ» ենթակետով նախատեսված վնասի հետ կապված պարբերական վճարումների կապիտալացման միջոցով իրականացվող վճարումները, ինչպես նաև անաշխատունակ ծնողի ու ամուսնու օգտին ալիմենտները հաշվարկվում են մինչև քաղաքացու 70 տարեկանը լրանալը, սակայն ոչ պակաս, քան 10 տարվա համար, իսկ երեխայի օգտին ալիմենտը հաշվարկվում է մինչև չափահաս դառնալը: Եթե քաղաքացու տարիքը գերազանցում է 70-ը, ապա վճարումների կապիտալացման ժամանակահատվածը կազմում է 10 տարի: Վնասի, ալիմենտի հատուցման համար կապիտալացված գումարը վճարվում է պարբերական վճարումների ձևով, իսկ հատուցման իրավունք ունեցող անձի համաձայնության դեպքում` միանվագ:
Հատուցման համար գումարների կապիտալացման, ինչպես նաև դրանց վճարման չափերը և կարգը սահմանում է կառավարությունը:
3. Ապահովված պահանջը բավարարվում է գրավի առարկայի իրացումից ստացված հասույթից:
4. Սույն հոդվածի առաջին մասի «ա» կետում են ներառվում այն անձանց պահանջները, որոնք վարկ են տրամադրել կամ պարտապանի պարտատոմսեր կամ մուրհակներ են ձեռք բերել դատարանի հաստատած ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման շրջանակներում, եթե ֆինանսական առողջացման ծրագրով տվյալ պահանջը ապահովված չէ գույքի գրավով, կամ նախատեսված չէ այդ պահանջի բավարարման առաջնահերթություն` կառավարչի աշխատավարձի և վարչական ծախսերի նկատմամբ: