Հոդված 132. Անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների այլ խախտումները
Հոդված 132. Անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների այլ խախտումները
Չհաշվառված, տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական, այդ թվում` արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակման-կցման սարքավորման (ավտոգնացքի կազմում) անսարքություններ ունեցող կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնասազերծված տարայի փոխադրման կանոնների խախտումներով, անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող, ինքնաշեն կամ սահմանված տեղում չփակցված հաշվառման համարանիշներով, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի հետնապատին հաշվառման համարանիշի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Առանց հաշվառման համարանիշների (համարանիշի), կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշներով (համարանիշով) կամ ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցի շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
«Հոդված 133. Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը
Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:».
«Հոդված 140. Ճանապարհները, երկաթուղային գծանցումները և մյուս ճանապարհային կառուցվածքները վնասելը
Ճանապարհները, երկաթուղային գծանցումները, մյուս ճանապարհային կառուցվածքները կամ ճանապարհային երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցները վնասելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար դիտավորյալ խոչընդոտներ ստեղծելը (այդ թվում` ճանապարհածածկը աղբոտելու, երթևեկելի մասում առևտրային գործունեություն իրականացնելու, շինարարական տեխնիկան և նյութերը երթևեկելի մասում թողնելու միջոցով)`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Առանց համապատասխան թույլտվության և իրավասու մարմինների հետ համաձայնեցման` ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելը կամ գովազդ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհների հետ հատումներ բացելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք խոչընդոտում են վարորդների կողմից լուսացույցները, ճանապարհային նշանները կամ երթևեկության կարգավորման այլ տեխնիկական միջոցները տեսնելուն`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի չափով:»: