Հոդված 8. ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 8. ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՈՒՄԸ
1. Հայտարարագրման հարաբերությունները կարգավորող օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
2. Հայտարարատուների կողմից սույն օրենքով սահմանված ժամկետում լիազորած մարմին կամ լիազորած տարածքային մարմին հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Տուգանքը նշանակելուց հետո` երեսուն օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
3. Հայտարարատուների կողմից սույն օրենքով սահմանված հայտարարագրման ենթակա գույքը և եկամուտները կամ հայտարարագրի ձևերում պարտադիր լրացման ենթակա տեղեկությունները թաքցնելը կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար տուգանվել է մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածում նշված տուգանքները տասնօրյա ժամկետում չմուծելու դեպքում տուգանքները կրկնապատկվում են:
5. Սույն հոդվածով սահմանված տուգանքները, լիազորած մարմնի պաշտոնատար անձի ներկայացմամբ, նշանակում է լիազորած մարմնի ղեկավարը կամ տարածքային լիազորած մարմնի ղեկավարը:
Սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման համար ապացույցներ են համարվում այն տեղեկությունները (տվյալները), որոնց հիման վրա, Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հարաբերությունները կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմաններում, լիազորած մարմինը հաստատում է օրենքի խախտման առկայությունը:
Տուգանքների կիրառման նպատակով կազմվում է արձանագրություն, որում նշվում է դա կազմելու ամսաթիվը և տեղը, արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, տեղեկություններ հայտարարատուի մասին, օրենքի խախտման էությունը և ժամանակը, պատասխանատվության ենթարկվող հայտարարատուի բացատրությունը, պատասխանատվություն նախատեսող նորմը և անհրաժեշտ այլ տեղեկություններ:
(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.02 ՀՕ-489-Ն)