Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ

Հոդված 7. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը

1. Արգելվում է տնտեսվարող սուբյեկտների կողմից մենաշնորհ կամ գերիշխող դիրքի (այսուհետ` գերիշխող դիրք) չարաշահումը:

2. Գերիշխող դիրքի չարաշահում է համարվում՝

ա) իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական և (կամ) տարբերակված գների սահմանումը կամ կիրառումը կամ օրենսդրությանը հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը.

բ) այլ տնտեսվարող սուբյեկտի առևտրի կամ արտադրության արդիականացման կամ ներդրումների սահմանափակումը.

գ) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծումը կամ պահպանումը.

դ) այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների կիրառումը.

ե) պայմանագրի կողմին, ներառյալ առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորությունների պարտադրումը, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.

զ) տնտեսվարող սուբյեկտների վերակազմակերպման կամ տնտեսական կապերի խզման պարտադրումը.

է) այլ տնտեսվարող սուբյեկտի շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրան դուրս մղելու գործողությունը կամ վարքագիծը, որի հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտը մուտք չի գործել շուկա կամ դուրս է մղվել շուկայից կամ կատարել է լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար.

ը) այնպիսի պայմանների առաջարկը կամ կիրառումը, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել մրցակցային անհավասար պայմաններ այն դեպքում, երբ համանման պայմաններ չեն առաջարկվել տվյալ ապրանքային շուկայում գործող մյուս տնտեսվարող սուբյեկտներին.

թ) իրացման կամ ձեռքբերման գների զեղչերի կամ արտոնությունների սահմանումը, փոփոխումը կամ պահպանումը, եթե դրանք նպատակաուղղված են մրցակցության սահմանափակմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։