Հոդված 9. Համակենտրոնացման հայտարարագրումը
Հոդված 9. Համակենտրոնացման հայտարարագրումը
1. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, ենթակա է հայտարարագրման, եթե`
ա) մասնակիցների ակտիվների համատեղ արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ.
բ) մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում և նրանց ակտիվների համատեղ արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ.
գ) մասնակիցներից մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ.
դ) մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում և նրանցից մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ:
2. Համակենտրոնացման հայտարարագրում նշվում է համակենտրոնացման ձևը և մասնակիցներից յուրաքանչյուրի մասին հետևյալ տեղեկատվությունը՝
ա) անունը (անվանումը), բնակվելու (գտնվելու) և գործունեության վայրը.
բ) գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրման նախորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրման նախորդ ամսվա վերջի դրությամբ.
գ) նախորդ տարվա ընթացքում իրացրած ապրանքների ծավալներն ըստ տեսականու, ինչպես նաև արտադրական կարողությունների նկարագիրը.
դ) հայտարարագրողի ցանկությամբ` նաև ապրանքային շուկային և շուկայի մասնակիցների գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ:
3. Համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանում է Հանձնաժողովը: