Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 4. Հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
տնտեսական մրցակցություն կամ մրցակցություն՝ ապրանքների իրացման կամ ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանն ուղղված տնտեսական գործունեություն, որի արդյունքում օբյեկտիվորեն սահմանափակվում են տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա մրցակիցներից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունները.
ապրանք՝ քաղաքացիական իրավունքի օբյեկտ, այդ թվում` գույք, աշխատանք, ծառայություն (ներառյալ` ֆինանսական), որը նախատեսված է իրացման համար.
փոխադարձ փոխարինելի ապրանքներ՝ ապրանքներ, որոնք կարող են համեմատվել ըստ իրենց գործածության նշանակության, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշներով այնպես, որ ձեռքբերողը փոխարինում է կամ պատրաստ է փոխարինելու դրանք մեկը մյուսով.
ապրանքային շուկա` որոշակի տարածքում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմանները որոշվում են գնորդի կողմից համապատասխան տարածքում ապրանքի ձեռքբերման տնտեսական հնարավորություններով և նպատակահարմարությամբ: Ապրանքային շուկան բնութագրվում է ապրանքատեսակային ու աշխարհագրական սահմաններով, դրա սուբյեկտների կազմով և ծավալով.
ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման` տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների ամբողջություն.
ապրանքային շուկայի աշխարհագրական սահման` որոշակի աշխարհագրական տարածք (այդ թվում` ճանապարհ, երթուղի` օդային, ջրային, ցամաքային և այլն), որի շրջանակներում գնորդի համար տնտեսապես հնարավոր ու նպատակահարմար է ձեռք բերել տվյալ ապրանքը և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքները և առկա չէ այդ հնարավորությունն ու նպատակահարմարությունը տվյալ տարածքից դուրս: Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը կարող է ներառել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը կամ դրա մի մասը կամ Հայաստանի Հանրապետության (կամ դրա մի մասի) և այլ պետության (կամ դրա մի մասի) տարածքը.
ապրանքային շուկայի սուբյեկտներ` տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացնողը (վաճառողը, մատակարարը, օտարողը, մատուցողը, կատարողը) և ձեռքբերողը (գնորդը, ստացողը, ընդունողը, սպառողը).
ապրանքային շուկայի ծավալ` ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացման կամ ձեռքբերման ընդհանուր ծավալը` բնեղեն և (կամ) արժեքային արտահայտությամբ.
իրացում` վաճառք, մատակարարում, օտարում, մատուցում, կատարում.
ձեռքբերում` գնում, ստացում, ընդունում.
տնտեսվարող սուբյեկտ՝ ֆիզիկական անձ (այդ թվում` անհատ ձեռնարկատեր), իրավաբանական անձ, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցիչ, ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ.
անձանց խումբ՝ իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ, որոնց նկատմամբ բավարարվում է հետևյալ պայմաններից առնվազն մեկը՝
- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի (համաձայնեցված գործողությունների) արդյունքում օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,
- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն են ստանում կանխորոշել այլ անձի կամ անձանց կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) կամ իրականացնել կազմակերպության գործադիր մարմնի իրավասությունները,
- անձն իրավունք ունի նշանակելու կազմակերպության միանձնյա գործադիր մարմին և (կամ) կոլեկտիվ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին, և (կամ) նրա առաջարկությամբ ընտրվել է կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,
- ֆիզիկական անձն իրականացնում է կազմակերպության գործադիր մարմնի իրավասությունները,
- նույն կազմակերպության առաջարկությամբ ընտրված նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) այլ անձինք կազմում են երկու կամ ավելի կազմակերպությունների կառավարման մարմինների կազմի կեսից ավելին կամ նույն կազմակերպությունների առաջարկությամբ ընտրված են մեկից ավելի կազմակերպությունների կառավարման մարմինների կազմի կեսից ավելին,
- նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) կազմակերպությունները իրավունք են ստանում տնօրինելու մեկից ավելի կազմակերպությունների կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,
- ֆիզիկական անձը (անձինք) և (կամ) կազմակերպությունը (կազմակերպությունները) ինքնուրույն կամ իրենց ներկայացուցիչների միջոցով տնօրինում են մեկ կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, և միաժամանակ նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը կամ նույն կազմակերպության կողմից առաջարկված անձինք կազմում են կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,
- ֆիզիկական անձինք ամուսիններ են, ծնողներ, երեխաներ, եղբայրներ կամ քույրեր.
վարչական (իրավական) ակտի կամ այլ փաստաթղթի (այսուհետ սույն պարբերությունում` թղթակցություն) հանձնում` թղթակցությունը հասցեատիրոջ գտնվելու, բնակվելու կամ գործունեության վայրի կամ փոստային հասցեով կամ նրա նշած այլ հասցեով պատվիրված նամակով ուղարկելը կամ առձեռն հանձնելը կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ ուղարկելը կամ պատշաճ այլ ձևով հանձնելը: Սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված (հանձնված) թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված, անկախ այն հանգամանքից, թե ում է այն տրամադրվել: Ոչ ճիշտ հանձնված թղթակցության պատճառով հասցեատիրոջը պատճառված վնասի համար նրա առջև պատասխանատվություն է կրում փոստային կապի ծառայություն մատուցող կազմակերպությունը.
ակտիվի արժեք` հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն ակտիվի հաշվարկվող արժեք.
փայաբաժին՝ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության իրավունք (բաժնեմաս, բաժնետոմս, այլ արժեթուղթ):
2. Սույն հոդվածով սահմանված հասկացությունները կիրառվում են միայն սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով:
3. Սույն օրենքում նշված մյուս հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իմաստով:»: