Հոդված 5. Հակամրցակցային համաձայնությունները, դրանց արգելումը
Հոդված 5. Հակամրցակցային համաձայնությունները, դրանց արգելումը
1. Սույն օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների կողմից ընդունված որոշումները (այսուհետ՝ համաձայնություններ), որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Հակամրցակցային համաձայնությունները վերաբերում են`
ա) իրացման կամ ձեռքբերման խտրական և (կամ) տարբերակված գների սահմանմանը.
բ) ապրանքի գնի չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը:
Սույն ենթակետի իմաստով գնի չհիմնավորված բարձրացում է համարվում երկու կամ ավելի տնտեսվարող սուբյեկտների կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի բարձրացումը:
Սույն ենթակետի իմաստով գնի չհիմնավորված իջեցում է համարվում երկու կամ ավելի տնտեսվարող սուբյեկտների կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի իջեցումը:
Սույն ենթակետի իմաստով գնի չհիմնավորված պահպանում է համարվում երկու կամ ավելի տնտեսվարող սուբյեկտների կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի պահպանումը (ներառյալ այդ գնի` մինչև հինգ տոկոս փոփոխությունը) այն դեպքում, երբ որոշակի տնտեսական պայմանների (գործոնների) առկայությունը կարող էր հանգեցնել կամ պետք է հանգեցներ ավելի ցածր կամ ավելի բարձր գնի սահմանման.
գ) շուկայի բաժանմանը տարածքային սկզբունքով, ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի, ապրանքի տեսականու, իրացնողների կամ ձեռքբերողների խմբերի կամ այլ եղանակով.
դ) այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն (շուկա մուտք գործելը սահմանափակելուն) կամ շուկայից նրանց դուրս մղելուն, որի հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտը մուտք չի գործել շուկա կամ դուրս է մղվել շուկայից կամ կատարել է լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար.
ե) իրացման կամ ձեռքբերման գների զեղչերի կամ արտոնությունների սահմանմանը, փոփոխմանը կամ պահպանմանը, եթե դրանք նպատակաուղղված են այլ տնտեսվարող սուբյեկտի շուկայից դուրս մղմանը.
զ) մրցույթների կամ աճուրդների պայմանների վերաբերյալ պայմանավորվածությանը կամ արդյունքների կեղծմանը (խեղաթյուրմանը).
է) այնպիսի պայմանների առաջարկմանը կամ կիրառմանը, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել մրցակցային անհավասար պայմաններ.
ը) այլ տնտեսվարող սուբյեկտների առևտրի կամ արտադրության արդիականացման կամ զարգացման կամ ներդրումների սահմանափակմանը.
թ) պայմանագրի կողմին, ներառյալ առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորությունների պարտադրմանը, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.
ժ) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատմանը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծմանը կամ պահպանմանը:
3. Հակամրցակցային համաձայնությունները կնքվում (կայացվում) են`
ա) միևնույն ապրանքային շուկայում գործող (մրցակից հանդիսացող) տնտեսվարող սուբյեկտների միջև (հորիզոնական համաձայնություն).
բ) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացնող ու ձեռքբերող) տնտեսվարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համաձայնություն):
4. Հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված, եթե`
ա) առկա է այդ մասին վկայող որևէ փաստական տվյալ (այդ թվում` ցանկացած գրավոր փաստաթուղթ կամ գրավոր այլ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն) կամ օրենքով չարգելված ցանկացած այլ ապացույց.
բ) այդ մասին են վկայում տնտեսվարող սուբյեկտների` սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործողությունները կամ վարքագիծը:
5. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը) արգելվում է:
6. Հակամրցակցային չեն համարվում տնտեսվարող սուբյեկտների այն համաձայնությունները, որոնք ուղղված են նրանց մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը, եթե այդ համաձայնության մասնակիցների ընդհանուր բաժինը տվյալ ապրանքային շուկայում չի գերազանցում 20 տոկոսը:
7. Մինչև համաձայնություն կնքելը (կայացնելը), եզրակացություն ստանալու համար, տնտեսվարող սուբյեկտները կարող են դիմել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմին (Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, այսուհետ` Հանձնաժողով):