Հոդված 8. Լուծարվող կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների հիմնական ֆոնդերի և մյուս գույքի իրացումը
Հոդված 8. Լուծարվող կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների հիմնական ֆոնդերի և մյուս գույքի իրացումը
Լուծարվող կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների հիմնական ֆոնդերի իրացումը առավելապես կատարվում է դրանց տեխնոլոգիական ամբողջականության պահպանմամբ:
Լուծարվող կոլտնտեսությունների հիմնական ֆոնդերի (անասնագլխի, տեխնիկական միջոցների, տեխնոլոգիական համալիրների և այլն) իրացումը կատարվում է հետևյալ հիմունքներով.
եթե լուծարվող կոլտնտեսությունների անդամների ընդհանուր ժողովը ձայների երկու երրորդի մեծամասնության գրավոր համաձայնությամբ որոշում է ընդունում դրանք չբաժանելու մասին, ապա ստեղծվում է գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն` ցանկացած կազմակերպական ձևով, որի մեջ կարող են անդամագրվել ինչպես լուծարվող կոլտնտեսության ծխերը, այնպես էլ տվյալ բնակավայրի մյուս ընտանիքները: Վերջիններիս համար անդամագրական վճարի չափը չպետք է պակաս լինի գյուղացիական կոլեկտիվ տնտեսության մեկ անդամի ունեցած բաժնեմասի դրամական գնահատականից: Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների կանոնադրություններով կարող են նախատեսվել նաև տնտեսությունների մեջ անդամագրվելու առանձնահատուկ այլ պայմաններ:
Լուծարվող կոլտնտեսությունների համապատասխան հիմնական ֆոնդերը տրամադրվում են ստեղծված գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին:
Նույն կարգով գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ ձևավորվում են նաև առկա խորհտնտեսությունների հիման վրա: Իրացվող հիմնական ֆոնդերի դիմաց այս դեպքում կատարվում է վճարում դրանց մնացորդային արժեքի չափով և նախատեսվում են փոխատվությունների և արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում այդ տնտեսություններին:
Եթե լուծարվող կոլտնտեսությունների անդամների ընդհանուր ժողովը որոշում է ընդունում անասնագլխաքանակը բաժանելու մասին, ապա դրա բաժանումը ըստ ընտանքների (ծխերի) կատարվում է պայմանագրային գնով` երեք տարով սահմանելով հատկացված անասնագլխաքանակին համապատասխան կայուն բնամթերային հարկ: Ընտանիքին (ծխին) տրամադրվող անասնագլխաքանակի նվազագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը: Անասնագլխաքանակի սեփականաշնորհման դեպքում բնամթերային հարկի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը, բայց ոչ ավելի, քան նախորդ հինգ տարիներին տնտեսությունից պետությանը մթերած արտադրանքի միջին տարեկան ծավալից: Անասնագլխաքանակից բաժին ստացած ընտանիքից (ծխից) երկու տարվա ընթացքում գանձվում է համատեղ օգտագործվող անասնապահական շինությունների մնացորդային արժեքի համապատասխան մասը, որը հաշվարկվում է ելնելով շինության արժեքի և անասնագլխաքանակի հարաբերությունից: Անասնապահական շինությունները, տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական համալիրները և մյուս գույքը, եթե որոշում է ընդունվում դրանք բաժանելու մասին, իրացվում են աճուրդային վաճառքի կարգով, առաջին հերթին տվյալ բնակավայրի բնակիչներին կամ նրանց խմբերին: Աճուրդը հայտարարելուց հետո երեք ամսվա ընթացքում հիշյալ միջոցները և մյուս գույքը չիրացվելու դեպքում դրանք անհատույց տրամադրվում են պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների տնօրինությանը:
Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիմնական ֆոնդերի և մյուս գույքի իրացումը կատարվում է համապատասխան լուծարքային հանձնաժողովների կողմից:
Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների ընդհանուր նշանակության սոցիալ-մշակութային և կոմունալ օբյեկտները իրենց գույքով անհատույց հանձնվում են պատգամավորների համապատասխան խորհրդին:
Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիմնական ֆոնդերի և այլ գույքի իրացումից գոյացած միջոցների բաշխման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
(խմբ. 29.07.91 օրենք)