Հոդված 6. Հողամասերի տրամադրման կարգը
Հոդված 6. Հողամասերի տրամադրման կարգը
Գյուղացիական տնտեսություն վարելու համար հողամասերը որպես սեփականություն առաջին հերթին տրամադրվում են գյուղական բնակավայրերում 1990 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ մշտապես բնակվող քաղաքացիներին սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված հողաբաժինների չափով: Հիշյալ հիմունքներով հողամասեր տրամադրելուց հետո չբաժանված հողատեսքեր մնալու դեպքում դրանք տրամադրվում են`
Հայաստանի Հանրապետությունում բնակվող` տվյալ բնակավայրի նախկին այն բնակիչներին, որոնք մշտական բնակություն են հաստատում և գրանցվում այնտեղ և գյուղացիական տնտեսության վարելու ցանկություն են հայտնում.
հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատելու գյուղում և վարելու գյուղացիական տնտեսություն:
Շրջկենտրոններում և քաղաքներում գտնվող գյուղատնտեսական ձեռնարկությունների հողամասերը որպես սեփականություն առաջին հերթին տրամադրվում են տվյալ բնակավայրում բնակվող հիշյալ ձեռնարկությունների անդամներին և աշխատողներին, իսկ այնուհետև շրջկենտրոնի կամ քաղաքի վարչատարածքային կազմի մեջ մտցված նախկին գյուղերի մշտական բնակիչներին` հաշվարկված հողաբաժնի չափով: Չբաժանված հողատեսքեր մնալու դեպքում դրանք տրամադրվում են տվյալ բնակավայրում բնակվող և գյուղացիական տնտեսություն վարելու ցանկություն ունեցող այլ քաղաքացիների, ապա նաև սույն հոդվածի առաջին մասի երկրորդ և երրորդ պարբերություններում հիշատակված անձանց:
Անօգտագործելի, չյուրացված և գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնացած պետական պահեստի համանման հողերից որպես սեփականություն արտոնյալ պայմաններով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ցանկություն են հայտնում հիշյալ հողերի վրա վարելու գյուղացիական տնտեսություն: Լքված գյուղերի նախկին հողահանդակները առաջին հերթին տրամադրվում են այդ գյուղերի Հայաստանի Հանրապետությունում բնակվող նախկին բնակիչներին, փախստականներին և աղետի գոտու այն բնակիչներին, ապա նաև Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր ցանկություն են հայտնում տեղափոխվել և մշտական բնակություն հաստատել դրանցում: Հատուկ դեպքերում այդ հողերի հատկացման հարցը կարգավորվում է հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական հանձնաժողովի կողմից:
Վարձակալական հիմունքներով օգտագործվող հողերը որպես սեփականություն տրամադրելիս այդ հողերի վարձակալները հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշմամբ, տվյալ բնակավայրի համար հաշվարկված հողաբաժնի չափով, կարող են ստանալ դրանք ձեռք բերելու նախապատվության իրավունք, եթե հանդիսանում են տվյալ բնակավայրի մշտական բնակիչներ, կատարել են գյուղատնտեսական նպատակային կապիտալ ներդրումներ և չեն խախտել վարձակալական պայմանագրի պայմանները: Վարձակալների կողմից կատարված ծախսերի փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Արոտավայրերը գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին տրամադրվում են վարձակալական հիմունքներով` առաջին երկու տարիների ընթացքում ազատելով վարձավճարի մուծումից, եթե վարձակալության պայմանագիրը կնքվել է տասը տարի և ավելի ժամկետով:
Գյուղացիական տնտեսություն վարելու համար միջնորդություններ հարուցելու և դրանք քննարկելու կարգը որոշում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը: