Հոդված 18
Հոդված 18.
Դատավորի պաշտոնում աշխատած անձանց կենսաթոշակի իրավունքը
Դատավորն ունի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք:
Դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված քաղաքացու կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա, որպես դատավոր, զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հավելավճարի իրավունքից օգտվում են նաև դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին գերագույն դատարանի անդամ դատավորները, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրները և նախկին ժողովրդական դատավորները:
Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
Նախկին ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
Սույն հոդվածով սահմանված հավելավճարի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(18-րդ հոդվածը խմբ. 31.03.04 ՀՕ-61-Ն)
(20.09.06 ՍԴՈ-647 որոշմամբ 2004 թվականի մարտի 31-ին ընդունված` «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով (18 հոդվածի նոր խմբագրություն) նախատեսված դրույթը, համաձայն որի` կենսաթոշակի ամենամսյա հավելավճարի որոշման համար հիմք է ընդունվում դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի, այլ ոչ թե աշխատավարձի, 75 տոկոսը, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 94 հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր:)