Հոդված 50. Ֆինանսական առողջացման ծրագրի բովանդակությունը
Հոդված 50. Ֆինանսական առողջացման ծրագրի բովանդակությունը
1. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներառի`
ա) ապահովված, չապահովված և այլ խմբերի պարտատերերին կատարվելիք վճարումների կարգը, ժամկետները և չափը, նրանց պահանջների դիմաց փոխհատուցումների կատարման կարգը, այդ թվում` պահանջների բավարարման կարգը պարտապանին պատկանող անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքով, պարտապանի կողմից նոր պարտքեր ստանալու կարգը, պարտատերի պահանջների բավարարման երաշխիքները` ըստ պարտատերերի ձևավորված խմբերի.
բ) պարտապանին պարտավորություններից ազատելու, դրանք հետաձգելու կամ վերաձևակերպելու կարգը և չափերը.
գ) պարտապանի վճարունակությունը վերականգնելու համար նախատեսված միջոցառումների բովանդակությունը և իրականացման ժամկետները (կազմակերպչական, կառուցվածքային, իրավաբանական, ֆինանսական, տեխնիկական և աշխատանքային).
դ) պարտապանին պատկանող գույքի վաճառքի կարգը և դրանից ստացվելիք եկամուտները, պարտապանի գործունեության շարունակման դեպքում պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունների ավելացման հիմնավորումները.
ե) ֆինանսական առողջացման ծրագրի կատարման համար անհրաժեշտ` կառավարչի, վարձու մասնագետների վարձատրության և վարչական ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը.
զ) ֆինանսական առողջացման ծրագրի իրականացումը դադարեցնելու հետևանքով պարտապանի լուծարման դեպքում պարտատերերի խմբերի միջև լուծարումից ստացված միջոցների բաշխման կարգը և չափերը:
է) ֆինանսական ծրագրի կատարման ընթացքում պարտապանի` սույն օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված պայմանագրերով սահմանված գնի (վարձավճարների) վճարման կարգն ու ժամկետները, եթե վարձատուի հետ այլ համաձայնություն ձեռք չի բերվել:
2. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է նախատեսի դրա կատարման ընթացքում անուղղակի հարկերի գծով առաջացող ընթացիկ պարտավորությունների առաջնահերթ մարում` գրավ դրված գույքի նկատմամբ գրավառուի պահանջների բավարարումից հետո:
(50-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-124, 20.05.02 ՀՕ-346-Ն)