Հոդված 52. Ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությունը
Հոդված 52. Ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությունը
1. Ֆինանսական առողջացման ծրագրի առաքումից ոչ ուշ, քան 40 օր հետո դատարանը կազմակերպում է սույն օրենքով սահմանված կարգով ապահովված, չապահովված և առաջնահերթ պահանջներ ունեցող պարտատերերի ժողովը: Պարտապանը և կառավարիչը գրավոր հրավիրվում են ժողովին:
2. Եթե քննարկվելու են մեկից ավելի ֆինանսական առողջացման ծրագրեր, ապա բոլոր ծրագրերի քվեարկությունը պետք է կատարվի մեկ ժողովի ընթացքում:
3. Քվեարկությանը կարող են մասնակցել միայն այն պարտատերերը, որոնց պահանջները դատարանն ընդունել է, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը նախապես լիազորում է այլ պարտատերերին մասնակցել քվեարկությանը:
4. Պարտատերերի հետևյալ խմբերը ձևավորվում և քվեարկում են առանձին`
ա) պարտատերերը, որոնց ներկայացրած ապահովված պահանջներից յուրաքանչյուրը կազմում է բոլոր պահանջների 10 տոկոսը և ավելին.
բ) ապահովված պահանջներ ունեցող այլ պարտատերերը.
գ) սույն օրենքի 61 հոդվածի «դ» և «զ» ենթակետերով սահմանված պահանջների առաջնություն ունեցող պարտատերերը.
դ) հիմնական չապահովված պահանջներ ունեցող պարտատերերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքային բյուջեների նկատմամբ պարտավորությունների:
5. Քվեարկության սկզբում դատարանը տեղեկացնում է բոլոր պարտատերերին հեռակա քվեարկության արդյունքում ստացված ձայների մասին:
6. Ֆինանսական առողջացման ծրագիրը համարվում է ընդունված պարտատերերի խմբի կողմից, եթե դրա ընդունման օգտին են քվեարկել տվյալ խմբի պահանջների պարզ մեծամասնությանը տիրապետող պարտատերերը: