Հոդված 35. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ և ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ
Հոդված 35. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ և ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ
1. Կառավարիչը կամ դատարանի թույլտվությամբ` պարտատերերի խորհուրդը, իսկ եթե վերջինս չի ձևավորվել` պարտատերերի ժողովը, կարող են պարտապանին անվճարունակ ճանաչելուց մեկ տարվա ընթացքում դիմել դատարան` չեղյալ համարելու կամ հետ ստանալու պարտապանի կողմից երրորդ անձանց կատարած`
ա) անհատույց փոխանցումները և նվիրատվությունները պարտապանի ղեկավար մարմինների անդամներին և նրանց մերձավոր ազգականներին, ինչպես նաև անհատ ձեռներեցի մերձավոր ազգականներին, որոնք կատարվել են պարտապանին անվճարունակ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում.
բ) անհատույց փոխանցումները և նվիրատվությունները երրորդ անձանց, որոնք կատարվել են պարտապանին անվճարունակ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում.
գ) պարտապանին անվճարունակ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով առաջացած գների տարբերությունը, եթե պարտապանի կողմից փոխանցված կամ օտարված գույքի արժեքը փոխանցման կամ օտարման պահին գերազանցել է դրա դիմաց ստացված հատուցումը.
դ) պարտապանին անվճարունակ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքները, որոնք նպատակ են ունեցել թաքցնել պարտապանի միջոցները:
2. Պարտապանին անվճարունակ ճանաչելուն նախորդող մեկ տարվա ընթացքում պարտապանի հետ համագործակցող անձանց կատարված փոխանցումները, որոնք պարտապանի հետ համագործակցող անձանց համար ավելի բարենպաստ են եղել, քան կլինեին այլ անձանց նկատմամբ, կարող են դատական կարգով անվավեր ճանաչվել:
Պարտապանի հետ համագործակցող անձինք են`
ա) պարտապանի կանոնադրական հիմնադրամի առնվազն 20 տոկոսի սեփականատերը.
բ) պարտապանի ղեկավար մարմինների անդամները.
գ) պարտապանի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը կամ մարմինը: