Հոդված 18. Հարկադիր կատարողների ապահովագրական երաշխիքները և նրանց պատճառած վնասի հատուցման իրավունքը
Հոդված 18. Հարկադիր կատարողների ապահովագրական երաշխիքները և նրանց պատճառած վնասի հատուցման իրավունքը
1. Հարկադիր կատարողի կյանքն ու առողջությունը ենթակա են պարտադիր ապահովագրության պետական բյուջեի միջոցների հաշվին` հարկադիր կատարողի ամսական միջին աշխատավարձի 100-ապատիկի չափով:
2. Ապահովագրական գումարները վճարվում են`
1) ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո հարկադիր կատարողի մահվան դեպքում, եթե այն առաջացել է հարկադիր կատարողին ծառայողական գործունեության կապակցությամբ մարմնական վնասվածքներ պատճառելու հետևանքով:
Այս դեպքում մահացած հարկադիր կատարողի ընտանիքին և նրա խնամքին գտնվող անձանց վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի 100-ապատիկ չափով ապահովագրական գումար.
2) ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքում, որոնք բացառում են նրա հետագա զբաղվելը մասնագիտական գործունեությամբ: Այս դեպքում հարկադիր կատարողին վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի 50-ապատիկի չափով ապահովագրական գումար.
3) ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքում, որոնք չեն հանգեցրել նրա աշխատունակության կայուն կորստի և (կամ) մասնագիտական գործունեությամբ զբաղվելու անհնարինությանը: Այս դեպքում հարկադիր կատարողին վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի 20-ապատիկի չափով ապահովագրական գումար:
3. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքում, որոնք բացառում են հետագայում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, նրան ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` նրա ամսական միջին աշխատավարձի և այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի չափերի միջև պարբերության չափով` առանց հաշվի առնելու ապահովագրությունից ստացած գումարները:
4. Ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո հարկադիր կատարողի մահվան դեպքում, եթե այն առաջացել է ծառայողական գործունեության կապակցությամբ նրան մարմնական վնասվածքներ պատճառելու հետևանքով, հարկադիր կատարողի խնամքին գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամներին ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` մահացածի աշխատավարձից նրանց բաժին ընկնող մասի և կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով` առանց հաշվի առնելու ապահովագրությունից ստացած գումարները: Աշխատավարձի նշված մասը որոշելու համար մահացածի ամսական միջին աշխատավարձը բաժանվում է նրա խնամքին գտնվող ընտանիքի անդամների, այդ թվում` աշխատունակների թվի վրա:
5. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման հարկադիր կատարողին կամ նրա ընտանիքի անդամներին լրիվ ծավալով` ներառյալ բաց թողնված օգուտը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
6. Սույն հոդվածի 3-5-րդ կետերում նախատեսված վնասները հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: