Հոդված 6. Աճուրդի կազմակերպումը և իրականացումը
Հոդված 6. Աճուրդի կազմակերպումը և իրականացումը
Աճուրդն անցկացնում է դրա կազմակերպիչը: Աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ, մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, նա հրապարակում է սակարկությունների անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մեկնարկային գինը, օգտագործման նպատակը, չափերը և կարգը, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին տվյալները (գյուղատնտեսական հողերի դեպքում` նաև որակական հատկանիշները), ինչպես նաև սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտները) առկայությունը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր և անձնագիր:
Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են գրավ` տվյալ հողակտորի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:
Եթե մասնակիցը աճուրդի արդյունքներով չի հաղթել, գրավն անմիջապես վերադարձվում է նրան: Եթե մասնակիցը հաղթել է, կատարվում է գրավի հետ կապված լրացուցիչ հաշվարկ:
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ: Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը:
Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է:
Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկից ավելի է:
Առաջին անգամ աճուրդը չկայանալու դեպքում երկրորդ աճուրդը կազմակերպվում և անց է կացվում 7 աշխատանքային օրվա ընթացքում` ապահովելով անհրաժեշտ տեղեկատվության հրապարակայնությունը: Յուրաքանչյուր սակարկության արդյունքներով կազմվում է առանձին արձանագրություն, որն իր մեջ ներառում է տվյալներ` աճուրդի անցկացման վայրի, ժամկետի, մասնակիցների և կազմակերպչի, սակարկման ընթացքի և արդյունքների մասին:
Աճուրդում հաղթած է համարվում առավել բարձր գին առաջարկած անձը:
Եթե աճուրդը չի կայանում երկրորդ անգամ, ապա այն երրորդ անգամ անց է կացվում նաև մեկ մասնակցի առկայության դեպքում:
Արձանագրությունն ստորագրում են կազմակերպիչը, արձանագրողը և, ցանկության դեպքում, աճուրդի մասնակիցները: Արձանագրությունը պահպանվում է աճուրդը կազմակերպող համապատասխան մարմնի կողմից: