Հոդված 9. Պետական սեփականություն համարվող հողերի սեփականության իրավունքն անհատույց փոխանցելը
Հոդված 9. Պետական սեփականություն համարվող հողերի սեփականության իրավունքն անհատույց փոխանցելը
(վերնագիրը փոփ. 05.06.00 ՀՕ-65)
Պետական սեփականություն համարվող հողերն անհատույց, սեփականության իրավունքով հատկացվում են`
ա) սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, երկրաշարժից տուժած և լքված բնակավայրերում (ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը)` այն ընտանիքներին, որոնք նախկինում չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամասեր, հայրական ընտանիքից բաժանված վերջին ընտանիքը չեն.
բ) Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության այն ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատել վերոհիշյալ բնակավայրերում.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ վերաբնակեցվածներին.
դ) համայնքներում բնակվող զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների այն ընտանիքներին, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամաս, հայրական ընտանիքից բաժանված վերջին ընտանիքը չեն:
Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի չափը սահմանվում է 0,12 հեկտար, իսկ քաղաքներում` բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար` 0,04 հեկտար հողամաս:
Արգելվում է գյուղատնտեսական գործունեության համար անհատույց տրամադրված հողերի օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք նախատեսված չեն տվյալ բնակավայրի գլխավոր հատակագծով կամ համայնքների հողերի օգտագործման սխեմայով:
Սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային և լքված գյուղական բնակավայրերում պետական սեփականություն համարվող հողերի անհատույց տրամադրվող և աճուրդով վաճառքի ենթակա հողատարածությունների համամասնությունն ըստ համայնքների սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Քաղաքացիների կողմից փաստացի օգտագործվող` սահմանված կարգով գրանցված տնամերձը և սեփականաշնորհված հողաբաժնի յուրաքանչյուր միավոր հողակտորը սահմանված չափերից մինչև 20 տոկոս ավելի լինելու դեպքում, եթե այդ ավելցուկը նպատակահարմար չէ սույն օրենքով սահմանված կարգով օտարել կամ այլ նպատակներով օգտագործել, սեփականության իրավունքով անհատույց թողնվում է փաստացի օգտագործողներին: Նշվածից ավելի հողատարածություն օգտագործելու դեպքում ամբողջ ավելցուկն օտարվում է փաստացի օգտագործողին` ուղղակի վաճառքի կարգով, հողամասի տվյալ պահին գործող կադաստրային հաշվարկային արժեքով:
Պետական սեփականություն համարվող հողերի անհատույց փոխանցումը կատարվում է օտարման պայմանագրով:
Պետական սեփականություն համարվող հողերի անհատույց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն օրենքի համաձայն:
Սույն հոդվածի առաջին մասի «ա» և «դ» կետերով սահմանված պետական սեփականություն համարվող հողերի անհատույց տրամադրման ժամկետը սահմանել մինչև 2002 թվականի դեկտեմբերի 1-ը:
(9-րդ հոդվածը փոփ., խմբ. 05.06.00 ՀՕ-65)