Հոդված 13. Ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը
Հոդված 13. Ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը
1. Ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը ծագում է տվյալ անվանումով իրավաբանական անձի պետական գրանցման օրվանից կամ գրանցված իրավաբանական անձի ֆիրմային անվանման փոփոխության մասին իրավաբանական անձանց գրանցամատյանում գրառում կատարելու օրվանից, պատկանում է տվյալ իրավաբանական անձին (այսուհետ նաև՝ ֆիրմային անվանման իրավատեր) և գործում է Հայաստանի Հանրապետությունում նրա գործունեության ողջ ընթացքում:
2. Սույն օրենքին համապատասխան գրանցված ֆիրմային անվանման նկատմամբ տվյալ իրավաբանական անձը բացառիկ իրավունք ունի`
1) օգտագործելու իր ֆիրմային անվանումը սույն օրենքի 12-րդ հոդվածում նշված ձևով.
2) արգելելու երրորդ անձանց` օգտագործել իր ֆիրմային անվանումը կամ դրան շփոթելու աստիճան նման անվանում կամ իր ֆիրմային անվանմանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշան, եթե դա կարող է սպառողին մոլորության մեջ գցել և պատճառ դառնալ դրանց միջև կապ ենթադրելու, հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել ֆիրմային անվանման իրավատիրոջը:
3. Ֆիրմային անվանումն այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ապօրինի օգտագործելու, այդ թվում՝ տվյալ ֆիրմային անվանմամբ նրանց կողմից իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելու դեպքում իրավաբանական անձն իր իրավունքները կարող է պաշտպանել դատական կարգով։
4. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը կարող է փոխանցվել միայն նրա վերակազմակերպման դեպքում։