Հոդված 8. Մաքսատուրքի վճարումից ազատելը
Հոդված 8. Մաքսատուրքի վճարումից ազատելը
Մաքսատուրքի վճարումից ազատվում են`
1) համատեղ ձեռնարկությունների և օտարերկրյա ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատկանող ձեռնարկությունների կանոնադրական ֆոնդը նախատեսված հիմնական միջոցները.
2) Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող (տարանցիկ) ապրանքները.
3) այն փոխադրամիջոցները, որոնց միջոցով կանոնավոր կերպով իրականացվում են բեռների, ուղեբեռների և ուղևորների միջպետական փոխադրումներ, ինչպես նաև այն գործիքները, վառելանյութը, պարենային ապրանքները և այլ առարկաները, որոնք կարող են անհրաժեշտ լինել ճանապարհին, միջանկյալ կանգառներում կամ հիշյալ փոխադրամիջոցների անսարքությունները վերացնելու համար.
4) արտարժույթը և արժեթղթերը.
5) այն ապրանքները և այլ առարկաները, որոնք փոխադրման ընթացքում մուտք են գործում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք որպես մարդասիրական օգնություն և ձևակերպված են համապատասխան փաստաթղթերով.
6) ներքոհիշյալ այն ապրանքները և այլ առարկաները, որոնք ժամանակավորապես ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք և այդ տարածքից արտահանվում, կամ ժամանակավորապես արտահանվում և ներմուծվում են առանց դրանց մշակման և վերամշակման`
ա) ոչ առևտրային ցուցահանդեսների, տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների համար նախատեսված ապրանքները և այլ առարկաները.
բ) մամուլի, հեռուստատեսության, կինեմատոգրաֆիայի, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության բնագավառի աշխատողների, ինչպես նաև մարզիկների համար մասնագիտացված սարքավորումները.
գ) ապրանքների նմուշները և տարան.
դ) կրթության, գիտության, մշակույթի կարիքների համար նախատեսված (գրքեր, ամսագրեր, թերթեր, երաժշտական գործիքներ, թատերական և մարզական սարքավորումներ, կրոնական գույք) ապրանքները և այլ առարկաները.
ե) ուղևորների անձնական օգտագործման իրերը.
զ) տուրիզմին և սպորտին վերաբերող գովազդային նյութերը.
է) կենդանիները.
7) հաշմանդամների համար նախատեսված պրոթեզաօրթոպեդիկ պարագաները, կյանքը թեթևացնող միջոցները և դրանց պահեստային և կոմպլեկտավորող մասերը.
8) այն ապրանքները և այլ առարկաները, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում գտնվող մաքսատուրքով չհարկվող խանութները կամ մաքսային պահեստները և դրանցից արտահանվում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի սահմաններից դուրս.
9) ներմուծվող այն ապրանքները և այլ առարկաները, որոնց ծագման երկրների հետ Հայաստանի Հանրապետությունն ունի ազատ առևտրի մասին երկկողմանի կամ բազմակողմանի վավերացված պայմանագրեր (համաձայնագրեր) կամ կազմում է մաքսային միություն.
10) այն ապրանքները և այլ առարկաները, որոնք Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք են ներմուծվում Հայաստանի Հանրապետությանը արված վարկերի հաշվին.
11) միջազգային համաձայնագրերով նախատեսված այլ դեպքերում:
Մաքսատուրքի վճարումից ազատելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հետ:
(8-րդ հոդվածը փոփ. 25.10.95 ՀՕ-11, խմբ. 09.09.97 ՀՕ-139)