Հոդված 17. Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեության երաշխիքները
Հոդված 17. Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեության երաշխիքները
Անհատական (ընտանեկան) ձեռնարկության գործունեության երաշխիքները բխում են «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձեռներեցության ազատության սկզբունքից:
Հայաստանի Հանրապետությունում անհատական (ընտանեկան) ձեռնարկության համար երաշխավորվում է`
ա) գրանցվելու իրավունք և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ազատություն.
բ) իրավահավասարություն իր և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մյուս սուբյեկտների միջև.
գ) գույքային իրավունքների և տնտեսական շահերի պաշտպանություն.
դ) ձեռնարկատիրական գործունեությանը պետական մարմինների միջամտության բացառում` բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
ե) ստացած եկամտից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարումներ կատարելուց հետո մնացած եկամտի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունք:
Պետական մարմինների, պետական և ոչ պետական կազմակերպությունների կամ դրանց կողմից լիազորված մարմինների, պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող գործունեության հետևանքով ձեռնարկությանը պատճառված վնասը, այդ թվում` բաց թողնված օգուտները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են փոխհատուցման այդ մարմինների, կազմակերպությունների և պաշտոնատար անձանց կողմից: