Հոդված 18.1. Ահաբեկչության հետ կապված եկամուտների սառեցումը
Հոդված 18.1. Ահաբեկչության հետ կապված եկամուտների սառեցումը
1. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նպատակով Լիազորված մարմինը պետք է ապահովի ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերին համապատասխան՝ դրանցում ներառված անձանց եկամուտների անհապաղ սառեցումը:
Սառեցման մասին որոշումը կարող է կայացնել հաշվետու անձը կամ Լիազորված մարմինը: Որոշումը գործում է յոթնօրյա ժամկետում, որը հաշվվում է հաշվետու անձի կողմից կայացվելու դեպքում՝ Լիազորված մարմնին որոշման օրինակը տրամադրելու պահից, իսկ Լիազորված մարմնի կողմից կայացվելու դեպքում՝ որոշման կայացման պահից սկսած:
2. Լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով պետք է նախատեսվի՝
ա) Լիազորված մարմնի կողմից նշված ցանկերի, ինչպես նաև դրանց փոփոխությունների և լրացումների հրապարակման ընթացակարգը, այդ ցանկերի մասին հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկման և ցանկերում ներառված անձանց եկամուտները հաշվետու անձանց կողմից անհապաղ սառեցնելու կարգը.
բ) ցանկերում ներառված անձանց եկամուտները Լիազորված մարմնի կողմից սառեցնելու կարգը.
գ) ցանկերում ներառված անձանց եկամուտների սառեցման համար նախատեսված ժամկետն անցնելուց հետո այդ եկամուտների վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կալանք դնելու համար քրեական հետապնդման մարմիններին նյութերը ներկայացնելու կարգը.
դ) բարեխիղճ երրորդ անձանց եկամուտների սառեցման դեպքում սառեցման որոշման մասին նրանց իրազեկելու և հնարավոր առարկությունները հաշվի առնելու կարգը.
ե) սառեցված եկամուտների հաշվին ցանկերում ներառված անձանց ընտանեկան, բժշկական և այլ անձնական նպատակներով վճարումներ կատարելու Լիազորված մարմնի իրավասությունը և դրա ընթացակարգը.
զ) եկամուտների սառեցման մասին որոշումը Լիազորված մարմնի կողմից վերացնելու (եկամուտներն ապասառեցնելու) կարգն այն դեպքերում, երբ այդ անձանց անունները հանվել են համապատասխան ցանկերից:
(18.1-ին հոդվածը լրաց. 28.11.06 ՀՕ-205-Ն)