Հոդված 2
Հոդված 2.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ հոդվածով.
«Հոդված 3.1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզավորումը
1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների (սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) կազմակերպումը ենթակա է լիցենզավորման «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` սույն օրենքին և լիցենզավորման կարգին համապատասխան:
2. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպումը ենթակա է լիցենզավորման, եթե շուկաների տարածքում իրականացվում է սննդամթերքի վաճառք, և գործում են առևտրի օբյեկտներ: Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գերակա հանրային շահերով օտարվող տարածքներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի սահմանագծերից դուրս, բացառապես շարժական բաց վաճառատեղերի (վաճառասեղանների) միջոցով առևտրի իրականացման վայրի կազմակերպման դեպքերի վրա:
3. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպչի կողմից սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը պետք է ներառեն հետևյալ պարտադիր պայմանները`
ա) առևտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը և ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).
բ) առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը և ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).
գ) առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության իրականացման ժամանակահատվածը (ոչ ամբողջ ամսվա համար` նշելով օրերը և դրանց թիվը).
դ) վաճառատեղի հերթական համարը և հատկացվող տարածքի մակերեսը (մ.2).
ե) մեկ քառակուսի մետրի հաշվով գանձվող վճարի չափը.
զ) պայմանագրի կնքման և գործողության ժամկետները:
4. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպչի կողմից կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը գործողության մեջ են մտնում պայմանագիր կնքած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից օգտագործման (շահագործման) համար նախատեսվող հսկիչ-դրամարկղային մեքենայի` սահմանված կարգով հարկային մարմնում գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրվանից: Օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենան նորով փոխարինելու դեպքում նախկինում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենան գրանցումից հանելու օրվանից մինչև նոր հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրը վաճառատեղում (այդ թվում` առևտրի օբյեկտում) առուվաճառք իրականացնելն արգելվում է:
Սույն մասի պահանջները չեն տարածվում առևտրի իրականացման վայրերում բացառապես գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի համար նախատեսված բաց վաճառասեղանների վրա, որոնց մասով օրենքով սահմանված կարգով պարտադիր չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը:
5. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպիչը յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով լիցենզավորող մարմին է ներկայացնում հաշվետվություն` տվյալ եռամսյակի ընթացքում առևտրի իրականացման վայրի տրամադրած վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) և վաճառողների վերաբերյալ, որը պետք է պարունակի սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր պայմանների վերաբերյալ տեղեկությունները:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիցենզավորող մարմինը հաշվետվության պատճենը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմին, որը լիցենզավորող մարմին է ներկայացնում տեղեկանք հաշվետվությունում նշված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի` հարկ վճարողի հաշվառման համարների և հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման քարտի համարների համապատասխանության կամ հաշվետվությունում տեղ գտած անհամապատասխանությունների մասին:
7. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպիչն իր հաշվին, սույն օրենքով սահմանված ժամկետներից սկսած, լիցենզավորման ենթակա առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջև ցանցային կապուղիների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներդնում ու շահագործում է համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարան, ապահովում է յուրաքանչյուր վաճառատեղի (այդ թվում` առևտրի օբյեկտի) և հարկային մարմնի համար տեղեկատվական տվյալների շտեմարանին միանալու հնարավորությունը և տեղեկատվական միասնական համակարգի անխափան աշխատանքը:
8. Առևտրի իրականացման վայրի վաճառատեղերում (այդ թվում` առևտրի օբյեկտներում) սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտմամբ կնքված պայմանագրերով կամ սույն հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերության պահանջների խախտմամբ առուվաճառքի փաստացի իրականացման կամ սույն հոդվածի 7-րդ մասի պահանջների խախտման կամ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի պահանջների խախտման դեպքում (այդ թվում` հարկային մարմնի կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա) լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիայի գործողության կասեցումը և (կամ) դադարեցումը իրականացվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»: