Հոդված 7
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ առևտրի իրականացման վայրի լիցենզավորման պահանջի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև առևտրի իրականացման վայրի լիցենզավորման պահանջի ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների (բացառությամբ այն շուկաների, որոնք ենթակա չեն լիցենզավորման) կազմակերպիչները պարտավոր են մինչև լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելը վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը համապատասխանեցնել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-րդ հոդվածի պահանջներին:
Լիցենզիա ստանալու համար հայտատուն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստանալու հայտին կից լիցենզավորող մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով հայտարարություն` առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) և վաճառողների վերաբերյալ, որը պետք է պարունակի հետևյալ պարտադիր տեղեկությունները.
ա) առևտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը և ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).
բ) սույն օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր վաճառատեղի տրամադրման պայմանագրի կնքման և գործողության ժամկետները, վաճառատեղի հերթական համարը և հատկացվող տարածքի մակերեսը (մ.2).
գ) յուրաքանչյուր վաճառատեղում առևտրական գործունեություն իրականացնելու նպատակով կազմակերպչի հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը և ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).
դ) կազմակերպչի հետ պայմանագիր կնքած յուրաքանչյուր իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից օգտագործման (շահագործման) համար նախատեսվող հսկիչ-դրամարկղային մեքենայի` սահմանված կարգով հարկային մարմնում գրանցման քարտի համարը:
Սույն հոդվածի երրորդ պարբերությունում նախատեսված հայտարարությունում չի ներառվում միայն առևտրի իրականացման վայրերում գտնվող, բացառապես գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի համար նախատեսված բաց վաճառասեղանների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց համար օրենքով սահմանված կարգով պարտադիր չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիցենզավորող մարմինը սույն հոդվածի երրորդ պարբերությանը համապատասխան ներկայացրած հայտարարության պատճենը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմին, որը լիցենզավորող մարմին է ներկայացնում տեղեկանք` հայտարարությունում նշված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի` հարկ վճարողի հաշվառման համարների և հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման քարտի համարների համապատասխանության կամ հայտարարությունում տեղ գտած անհամապատասխանությունների մասին:
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորող մարմնի կողմից հայտատուի հայտը մերժվում է, եթե հայտին կից հայտարարությունում առկա է սույն հոդվածի հինգերորդ պարբերությունում նշված անհամապատասխանություն: Լիցենզիա ստանալու հայտարարությունում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության (հարկային մարմնի ներկայացրած տեղեկանքում նշված լինելու) դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2008 թ. սեպտեմբերի 12
Երևան
ՀՕ-138-Ն