Հոդված 20. Հարկը պահելը հարկային գործակալի կողմից
Հոդված 20. Հարկը պահելը հարկային գործակալի կողմից
1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերի, ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը:
Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ հարկի պահումից, ապա ծրագիր իրականացնող կազմակերպությունները կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային տեսչության մարմիններ ներկայացվող` վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով գրավոր հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ և իրականացնել ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից հարկի պահում: Այս դեպքում հարկային գործակալը հարկի պահումը կատարում է հայտարարությունը ներկայացնելու ամսվանից սկսած:
2. Հարկային գործակալը հարկի պահում (գանձում) չի իրականացնում, եթե`
ա) վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են, և հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), անձնագրի տվյալները և Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցեն, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության իրականացման պետական գրանցման վկայականի համարը.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-287)
գ) ֆիզիկական անձին վճարվում է սույն օրենքի 6 հոդվածի «ե» և «զ» ենթակետով սահմանված եկամուտներ.
դ) եկամուտները վճարվել են նոտարներին` իրենց կողմից մատուցված ծառայությունների դիմաց:
(20-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-287, լրաց. 25.12.03 ՀՕ-52-Ն, 26.12.08 ՀՕ-251-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-191-Ն)