Հոդված 20
Հոդված 20.
Իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են հարկային տեսչություն տեղեկություններ հաղորդել հարկ վճարողների հետ կատարված գործառնությունների, ինչպես նաև իրենց կողմից և իրենց հաշվին ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և պահված հարկերի, հարկման նպատակով անհրաժեշտ տվյալների մասին` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Բանկային և առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային տեսչությանը տրամադրվում են օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում (լիցենզավորում) իրականացնող լիազորված մարմինները դրանց գրանցման (լիցենզավորման), ինչպես նաև դրանց հետ կապված համապատասխան փոփոխությունների մասին տվյալներ են հայտնում հարկային տեսչություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Հարկ վճարողները պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ցանկում ընդգրկված ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմիններ:
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ԱՏԳ ԱԱ 2009, 2201, 2202, 2203 ծածկագրերին դասվող ապրանքների արտադրության ծավալների հաշվառումը իրականացվում է համապատասխան ծախսաչափային հանգույցների (ներառյալ` հաշվիչների, այսուհետ` ծախսաչափային հանգույցներ) միջոցով: Ծախսաչափային հանգույցները տեղադրվում են այդ ապրանքների արտադրության և լցման համապատասխան հոսքագծերի վրա: Ծախսաչափային հանգույցներին վերաբերող չափագիտական կանոնները և նորմերը, հոսքագծերի վրա դրանց տեղադրման տեղը, տեղադրման ու կապարակնքման կարգերը, ինչպես նաև շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արտադրված ապրանքների ծավալների մասին ծախսաչափային հանգույցի տվյալները դուրս են բերվում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար, որն արձանագրվում է հարկային մարմնի և հարկ վճարողի ներկայացուցիչների համատեղ ակտով:
(20-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-289, 21.08.08 ՀՕ-143-Ն)