Հոդված 30
Հոդված 30.
Հարկային պարտավորությունների գծով գումարների մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային տեսչությունն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` հարկ վճարողի գույքի բռնագանձման համար:
(2-րդ մասն ուժը կորցրել է 05.05.98 ՀՕ-220)
Հարկերի վճարումն ուշացնելու դեպքում հարկային մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, հարկերի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից հարկային մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ հարկային պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:
Չկատարված հարկային պարտավորության չափը հինգ հարյուր հազար և ավելի դրամ կազմելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի հարկ վճարողի հարկային պարտավորությանը համարժեք գույքի վրա արգելանք դնել մինչև դատարանի կողմից վճռի կայացումը, բացառությամբ օրենքով սահմանված այն գույքի, որի նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:
Սույն հոդվածով նախատեսված արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է նախ` հարկ վճարողի բանկային հաշիվների նկատմամբ, ապա` հարկ վճարողի անշարժ գույքի նկատմամբ, այնուհետև` հարկ վճարողի այլ ակտիվների նկատմամբ:
Դատարանի վճռից հետո հարկային մարմինն ապահովում է բռնագանձված գույքի իրացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի արգելադրումից հետո` 30-օրյա ժամկետում, դատարանի վճիռը չապահովելու դեպքում հարկ վճարողի գույքը համարվում է արգելանքից հանված:
Որպես հարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-5-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-5-Ն)
Հարկային մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով, ցանկերի տեսքով հրապարակում են տեղեկատվություն՝
1) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը`
ա) հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ,
բ) օգտակար հանածոների արդյունահանման լիցենզիա, թույլտվություն կամ արտոնագրեր ունեցող, սակայն գործունեություն չիրականացնելու մասին հայտարարություն կամ զրոյական հաշվարկ-հաշվետվություններ ներկայացրած հարկ վճարողների վերաբերյալ,
գ) հաշվետու տարվան նախորդող և հաշվետու տարում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով սահմանված շահութահարկի հիսուն և հարյուր տոկոս նվազեցման արտոնությունից օգտվող օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտ կազմակերպությունների վերաբերյալ,
դ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների վերաբերյալ,
ե) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 1.0 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած բանկերի և նրանց կողմից վճարված շահութահարկի մեծության վերաբերյալ,
զ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 3 մլն դրամ և ավելի եկամտահարկ վճարած հարկային գործակալների վերաբերյալ,
է) հաշվետու տարվա արդյունքներով պարզեցված հարկ վճարողներին պատկանող խանութների մասով ցույց տված 50.0 մլն դրամ և ավելի գումարի չափով իրացման շրջանառություն ունեցող և հաշվետու տարվա ընթացքում 15.0 մլն դրամը գերազանցող ապրանքային մնացորդ ունեցող և հարկման ընդհանուր կարգին անցած պարզեցված հարկ վճարողների վերաբերյալ.
2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`
առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով, ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների հարկ վճարողի հաշվառման համարները և անվանումները, իսկ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով, ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների հարկ վճարողի հաշվառման համարները և անվանումները տեղադրվում են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
(30-րդ հոդվածը փոփ. 05.05.98 ՀՕ-220, լրաց. 26.12.00 ՀՕ-129, 14.12.01 ՀՕ-289, 25.12.03 ՀՕ-53-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-185-Ն, լրաց. 24.12.04 ՀՕ-55-Ն, փոփ., լրաց. 08.12.05 ՀՕ-5-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-143-Ն)