Հոդված 10. Կրթական ծրագրերը
Հոդված 10. Կրթական ծրագրերը
1. Կրթական ծրագիրը սահմանում է որոշակի մակարդակ և ուղղվածություն ունեցող կրթության բովանդակությունը, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ծավալը:
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական ծրագրերն են`
1) հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ).
2) մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ).
2. Հանրակրթական ծրագրերը նպատակաուղղված են անհատի համակողմանի զարգացմանը, նրա աշխարհայացքի ձևավորմանը, նախասիրություններին, հակումներին և ընդունակություններին համապատասխան մասնագիտական ծրագրերի ընտրության և յուրացման համար հիմքերի ստեղծմանը:
Հանրակրթական հիմնական ծրագրերը ներառում են`
1) նախադպրոցական կրթությունը.
2) տարրական ընդհանուր կրթությունը.
3) հիմնական ընդհանուր կրթությունը.
4) միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունը.
5) հատուկ ընդհանուր կրթությունը:
3. Մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքների ծավալի ընդլայնմանն ու որակավորման բարձրացմանը:
Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են`
1) նախնական մասնագիտական (արհեստագործական).
2) միջին մասնագիտական.
3) բարձրագույն մասնագիտական.
4) հետբուհական մասնագիտական:
4. Ուսումնական հաստատություններում հանրակրթական և մասնագիտական հիմնական ծրագրերի յուրացման ժամկետները որոշվում են սույն օրենքով և համապատասխան պետական կրթական չափորոշիչով:
5. Լրացուցիչ կրթական ծրագրերը (հանրակրթական և մասնագիտական) նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների ու մասնագետների կրթական պահանջմունքների բավարարմանը և նրանց որակավորման բարձրացմանը: