Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
մեղվաբուծություն` մեղրատու մեղուների բուծումը, խնամքը, դրանց օգտագործումը գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի փոշոտման, մեղվաբուծական մթերքների և հումքի ստացման համար.
մեղվաբույծ` մեղվաբուծությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
մեղվաընտանիք` միևնույն մեղվափեթակում կամ փչակում (բնում) ապրող մեղրատու մեղուների ընտանիք, որը կազմված է աշխատավոր մեղուներից, բոռերից (արու մեղուներից) և մայր մեղվից.
փեթակ` մարդու պատրաստած շինություն` մեղվաընտանիքի կենսագործունեության ապահովման համար.
մեղվանոց` մեղվաընտանիքների ամբողջություն, որն ապահովված է մեղվաբուծությամբ զբաղվելու համար անհրաժեշտ գույքով և պարագաներով.
ամրակայված (ստացիոնար) մեղվանոց` ամբողջ տարին նույն տեղում գտնվող մեղվանոց.
գյուղատնտեսական էնտոմոֆիլ` մշակաբույսերի տարածքների շրջակայք տեղափոխված ժամանակավոր մեղվանոց.
էկոլոգիական մեղվանոց` էկոլոգիապես մաքուր մեղվաբուծական մթերք արտադրելու համար գյուղատնտեսության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) սահմանած պահանջները բավարարող և հավաստագրված մեղվանոց.
տոհմային մեղվանոց` ծագումով և հատկանիշներով տոհմային մեղվանոցներին ներկայացվող պահանջներին համապատասխանող մեղվանոց.
մեղուների պարս` բնական պայմաններում մեղուների բազմացման ձև, ձագատվության ճանապարհով հիմնական մեղվաընտանիքից ինքնուրույնաբար ձևավորված նոր ընտանիք.
մեղվաբուծական մթերք` մեղրատու մեղուների ստեղծած արտադրանքը (մեղր, մեղվամոմ, ակնամոմ, մայրակաթ, մեղվի թույն, ծաղկափոշի, մեղուների պարսեր և այլն), ինչպես նաև հենց մեղրատու մեղուները.
մոմաթերթ` մեղրահացի կառուցման համար հատուկ մշակման ենթարկված մեղվամոմի շերտեր.
մեղրատու մեղուների ցեղ` բնակլիմայական որոշակի պայմաններում բնական ընտրության ճանապարհով ձևավորված, սերնդեսերունդ փոխանցվող հատկանիշների որոշակի ամբողջությամբ օժտված մեղվաընտանիքների խումբ.
մեղրատու մեղուների պոպուլյացիա` մեղրատու մեղուների տեսակի շրջանակում ձևավորված մեղվաընտանիքների ամբողջություն, որը ձևավորվել է որոշակի տարածքում և ունի ընդհանուր գենոֆոնդ.
մեղվանոցի անձնագիր` լիազոր մարմնի սահմանած ձևի անձնագիր.
սերտիֆիկացման մարմին` էկոլոգիական արտադրանքի սերտիֆիկացման գործունեություն իրականացնող հավատարմագրված իրավաբանական անձ.
էնտոմոֆիլ բույսեր` միջատների կողմից փոշոտվող բույսեր.
մեղրաբերքի աղբյուրներ` մեղրատու մեղուների բնական սնունդ` նեկտար և ծաղկափոշի արտադրող բույսեր, որոնք ապահովում են մեղրաբերքը: