Հոդված 2. Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 2. Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները
2.1. Կառավարչի իրավունքները:
Ա. Հաշվի առնելով սույն Պայմանագրի 1.2, 3.2 կետերի և 6 հոդվածի դրույթները, Կառավարիչը Հիմնադրամի ներդրումների կառավարման միակ պատասխանատուն է: Վարչության անդամները չեն կարող կատարել Հիմնադրամի արժեթղթերի, դրամական կամ այլ միջոցների որևէ ներդրում կամ ապաներդրում:
Բ. Վարչությունը պետք է ապահովի, որպեսզի լիազորագրով կամ այլ կերպ Կառավարիչին տրվեն Հիմնադրամի անունից փաստաթղթերի ստորագրման և այլ գործողությունների իրականացման համապատասխան լիազորություններ, որոնք անհրաժեշտ են Կառավարչի կողմից սույն Պայմանագրով, Հիմնադրամի կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված իր իրավունքներն ու պարտականությունները կատարելու համար:
Գ. Կառավարիչն իրավունք ունի Հիմնադրամի Պահառուին տալու Հիմնադրամի միջոցների տնօրինման վերաբերյալ հանձնարարականներ:
Դ. Այն դեպքում, երբ Վարչությունը` սույն Պայմանագրի 1.2., 3.2. կետերով կետերով կամ 6 հոդվածով նախատեսված իր իրավասություններն իրականացնելիս հրաժարվում է տալ իր համաձայնությունը Կառավարչի` ինվեստիցիոն կառավարման վերաբերյալ որևէ որոշմանը կամ առարկություններ ունի այդպիսի որոշման վերաբերյալ, ապա Վարչությունը` Կառավարչի գրավոր պահանջով, պարտավոր է անհապաղ ընդունել համապատասխան բանաձև, որում մանրամասնորեն բացատրվեն առարկության պատճառները, ինչպես նաև բաժնետերերին ներկայացվող` Հիմնադրամի հաջորդ հաշվետվության ժամանակ հրապարակել այդ բանաձևը, ընդ որում Կառավարչին պետք է հնարավորություն տրվի գրավոր ներկայացնել այդ բանաձևի վերաբերյալ իր դիտողությունները:
2.2. Ներդրումների կառավարում: Կառավարիչը սույն Պայմանագրով, Հիմնադրամի կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հիմնադրամի կապիտալ ներդրումների կառավարումը: Կառավարիչը պատասխանատու է Հիմնադրամի արժեթղթերի և այլ միջոցների` վաճառքի վերաբերյալ բոլոր որոշումների համար: Կառավարիչը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի Հիմնադրամի շահերը պաշտպանելու և Հիմնադրամի ներդրումների արժեքի բարձրացնելու համար:
2.3. Հիմնադրամը ներկայացնելը: Կառավարիչը պարտավոր է`
ա) ներկայացնել Հիմնադրամը բոլոր այն ընկերություններում, որոնցում նա կատարել է ներդրումներ.
բ) Հիմնադրամի անունից իրացնել Հիմնադրամին պատկանող այլ ընկերությունների բաժնետոմսերի նկատմամբ բաժնետիրոջ բոլոր իրավունքները, ներառյալ այդ ընկերությունների բաժնետերերի ժողովներում` քվեարկությունը և նրանց խորհուրդների անդամների նշանակումը.
գ) ապահովել այլ ընկերությունների խորհուրդների անդամ հանդիսացող Հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությունը այդ խորհուրդների նիստերին, ինչպես նաև այդ նիստերի արձանագրությունների պատրաստման աշխատանքներին:
2.4. Հաշվետվություններ և վերլուծություն: Կառավարիչը Վարչությանը պարբերաբար ներկայացնում է իր ներդրումների իրականացման և դրանք Հիմնադրամին ներկայացնելու մասին հաշվետվություններ և, մասնավորապես, պարտավոր է`
ա) յուրաքանչյուր շաբաթվա վերջում Վարչությանը ներկայացնել հաշվետվություն այդ շաբաթվա ընթացքում Հիմնադրամի անունից կնքված գործարքների վերաբերյալ.
բ) Հիմնադրամի յուրաքանչյուր ֆինանսական եռամսյակի ավարտից հետո 30 օրվա ընթացքում Վարչությանը ներկայացնել այլ ժամանակաշրջանում Հիմնադրամի գործունեության մասին հաշվետվություն, ներառյալ`
1) այդ ժամանակաշրջանում կատարված ինվեստիցիոն գործարքների ցուցակը.
2) այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած դրամագլխի աճի և կորստի մասին տեղեկանքը.
3) այդ ժամանակաշրջանում Հիմնադրամի ներդրումներում տեղի ունեցած փոփոխությունների մասին տեղեկանքը` կապված բաժնետոմսերի փոխանակման, պարգևատրային արժեթղթեր, բաժնետոմսերի գնման օպցիոն պայմանագրերի կամ ոչ դրամական շահաբաժինների և նման այլ գործարքների հետ.
4) այդ ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Հիմնադրամի հաշվապահական հաշվեկշիռը, Միջոցների զուտ արժեքի մասին տեղեկանքը, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում ստացած եկամուտների մասին հաշվետվությունը.
5) երկրորդ և չորրորդ եռամսյակի հաշվետվությունների առնչությամբ` տվյալ և նախորդ եռամսյակում Հիմնադրամի կատարած բոլոր ծախսերի հաշվարկը` սույն Պայմանագրի 5.1. կետով սահմանված կարգով, ինչպես նաև հաջորդ երկու ֆինանսական եռամսյակում ակնկալվող ծախսերի նախահաշիվը.
6) տեղեկանք բոլոր այն գործարքների և վճարումների մասին, որոնք կատարվել են Կառավարչի կամ նրա Փոխկապված անձանց և այն ընկերությունների միջև, որոնց բաժնետեր էր այդ ժամանակ հանդիսանում Հիմնադրամը.
7) Վարչության գրավոր պահանջով` այդ ժամանակաշրջանում ներդրումների կառավարման առանձին որոշումներ ընդունելիս Կառավարչի օգտագործած վերլուծությունների համառոտ նկարագրությունը.
գ) Հիմնադրամի յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո 60 օրվա ընթացքում Վարչություն ներկայացնել այդ տարվա վերջին օրվա դրությամբ Հիմնադրամի Վերահսկիչի կողմից վավերացված հաշվապահական հաշվեկշիռը (և Միջոցների զուտ արժեքի մասին տեղեկանքը), ինչպես նաև այդ տարվա ընթացքում Հիմնադրամի ստացած եկամուտների մասին հաշվետվությունը.
դ) անհապաղ պատասխանել Վարչության նման տեսակի այլ գրավոր հարցումներին.
ե) Վարչությանը ցույց տալ անհրաժեշտ օգնություն Հիմնադրամի ինվեստիցիոն, գույքային, վարկային և շահաբաժնային խնդիրների ու քաղաքականության մշակման և սիստեմատիկ վերահսկողության հարցում:
զ) Վարչությանն անհապաղ տեղեկացնել Կառավարչի, Վարչության անդամների և գործադիր ղեկավարների կազմում տեղի ունեցած փոփոխությունների, ինչպես նաև որևէ այլ անձի կողմից Կառավարչի արժեթղթերի ավելի քան 5 տոկոսի ձեռքբերման մասին:
2.5. Կառավարչի վարչական պարտականությունները: Կառավարիչը պարտավոր է իրականացնել (ուղղակիորեն կամ իր կողմից նշանակված և Վարչության կողմից հաստատված ներկայացուցիչների կամ ենթակապալառուների միջոցով) Հիմնադրամի ամբողջ կառավարումն ու տնտեսական գործունեությունը, մասնավորապես`
ա) Հիմնադրամին ապահովել գրասենյակներով, աշխատակազմով ու գրասենյակային հարմարություններով, որոնք անհրաժեշտ են Հիմնադրամի գործունեության և Կառավարչի` սույն Պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարման համար.
բ) կազմակերպել Վարչության նիստերը և բաժնետերերի բոլոր հերթական և արտահերթ ընդհանուր ժողովները, ուղարկել դրանց օրակարգերն ու անցկացման մասին ծանուցումները.
գ) վերահսկել Հիմնադրամի հաշվապահական հաշվառման, ինչպես նաև Հիմնադրամի գործունեության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթերի (ներառյալ բաժնետերերի գրանցման մատյանի) վարման աշխատանքը. դ) վերահսկել Հիմնադրամի արժեթղթերի բաշխումը և շահաբաժինների վճարումը.
ե) վերահսկել Հիմնադրամի մասին տեղեկատվության, այդ թվում ազդագրերի, բրոշյուրների, ֆինանսական հաշվետվությունների, գովազդների և այլ նյութերի պատրաստման, տարածման և հրապարակման աշխատանքները.
զ) վերահսկել Հիմնադրամի ներդրումների կառավարման համար անհրաժեշտ պայմանագրային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները.
է) վերահսկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող Հիմնադրամի բոլոր տարեկան և այլ հաշվետվությունների նախապատրաստման աշխատանքները.
ը) Հիմնադրամի կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել և հրապարակել Հիմնադրամի Միջոցների զուտ արժեքը.
թ) կատարել Վարչության հետ համաձայնեցված այլ ծառայություններ:
2.6. Մշտական խորհրդակցություններ.
Ա. Կառավարիչը պարտավոր է ապահովել իր պատասխանատու ղեկավարների կամ աշխատողների մշտապես խորհրդակցումը բաժնետերերի խոշոր խմբերի և պետական կառավարման մարմինների հետ` այդ խմբերի կամ մարմինների հիմնավորված պահանջով.
Բ. Կառավարիչը պարտավոր է ապահովել Վարչության հետ իր պատասխանատու ղեկավարների կամ աշխատողների պարբերաբար խորհրդակցությունների անցկացումը: Վարչությունն իր մեկ կամ մի քանի անդամներին կհանձնարարի Կառավարչի հետ պարբերաբար անցկացնել այդպիսի խորհրդակցություններ: