Հոդված 3
Հոդված 3
ՍԾՕՄ-ի իրականացման կազմակերպչական միջոցները
1) ՍԾՕՄ-ի նախագիծն իրականացնելու համար Կողմերը համաձայնում են հիմնել ՍԾՕՄ-ի Ղեկավար կոմիտե, որն իր նիստերն անցկացնելու է առնվազն տարին մեկ անգամ` ՍԾՏՀ տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի նիստից անմիջապես առաջ կամ հետո: ՍԾՕՄ-ի Ղեկավար կոմիտեն մշակում է ՍԾՕՄ-ի զարգացման քաղաքականությունը և որոշում կայացնում դրա իրականացման ապահովման համապատասխան բոլոր միջոցների վերաբերյալ:
2) Բոլոր Կողմերը և ՍԾՏՀ Միջազգային մշտական քարտուղարությունը պետք է ներկայացվեն ՍԾՕՄ-ի Ղեկավար կոմիտեում և նշանակեն մեկ ներկայացուցիչ` փոխարինողի հետ միասին: Այդպիսի ներկայացուցիչները կարող են նաև ՍԾՏՀ տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի մասնակիցներ լինել: Կողմերը համաձայնում են հրավիրել Առևտրի և զարգացման սևծովյան բանկին (BSTDB)` լիիրավ մասնակցություն ունենալու ՍԾՕՄ-ի Ղեկավար կոմիտեի աշխատանքներին: Բոլոր Կողմերը ծանուցվում են այդպիսի նշանակումների մասին ՍԾՏՀ Միջազգային մշտական կոմիտեի միջոցով: ՍԾՕՄ-ի Ղեկավար կոմիտեն իր որոշումներն ընդունում է ընդհանուր համաձայնությամբ (consensus)` հաշվի առնելով իր կողմից հաստատվող ընթացակարգային կանոնները: ՍԾՕՄ-ի Ղեկավար կոմիտեի աշխատանքային լեզուն անգլերենն է: Կողմերը նախագահում են Ղեկավար կոմիտեում երկամյա ռոտացիայի սկզբունքով` I հավելվածում նշված հերթականության կարգով, որը Փոխըմբռնման հուշագրի անբաժանելի մասն է: Նախագահությունն իրականացվում է յուրաքանչյուր ՍԾՏՀ անդամ պետության կողմից` համաձայն հաստատված ժամանակացույցի: Փոխնախագահությունն իրականացնող անդամ պետությունն ստանձնում է նախագահության հաջորդ ժամանակահատվածը:
3) ՍԾՏՀ ներկայացուցչությունների դիտորդները, ՍԾՏՀ-ին առնչվող մարմինները, ՍԾՏՀ երկխոսության ոլորտային գործընկերները, այլ շահագրգիռ միջազգային կազմակերպություններն ու հաստատությունները անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել ՍԾՕՄ-ի Ղեկավար կոմիտեի նիստերին:
4) Կողմերը համաձայնում են նաև հիմնել Տեխնիկական հարցերով մշտական համատեղ քարտուղարություն, որի խնդիրն է ՍԾՕՄ-ի Ղեկավար կոմիտեի աշխատանքներին աջակցելը և այլ անհրաժեշտ աշխատանքների կատարումը ՍԾՕՄ-ի Ղեկավար կոմիտեի կողմից տրված ցուցումների հիման վրա` մայրուղու ծրագիրն իրականացնելու համար: Ավելի ստույգ` Տեխնիկական հարցերով մշտական համատեղ քարտուղարությունը ներկայացնում է առաջարկներ, գնահատում ուսումնասիրությունները և համագործակցում ՍԾՕՄ-ի Ղեկավար կոմիտեի հետ ֆինանսական միջոցները որոշելու հարցում:
5) Կողմ հանդիսացող յուրաքանչյուր երկրում ՍԾՕՄ-ի հարցերով ազգային համակարգողը նշանակվում է համապատասխան երկրի կառավարության կողմից: Այս համակարգողը իրավասու է ՍԾՕՄ-ին առնչվող` երկրում իրականացվող աշխատանքների համակարգման համար:
6) Վարչական, կազմակերպական և տեխնիկական միջոցների ֆինանսավորումն իրականացվում է ՍԾՕՄ-ի Նախագծային հատուկ համագործակցության հիմնադրամի միջոցով, որը Կողմերի միջև ստեղծվել է առանձին միջազգային համաձայնագրի համաձայն, և որով սահմանվել են Հիմնադրամի նպատակները, խնդիրները, միջոցները, ինչպես նաև կառավարման ընթացակարգը: