Հոդված 9
Հոդված 9
Փոխըմբռնման հուշագիրը չեղյալ հայտարարելը ու դադարեցնելը
1) Սույն Փոխըմբռնման հուշագրի բնօրինակը` կազմված մեկ օրինակով, անգլերենով, ի պահ է հանձնվում Միջազգային մշտական քարտուղարությանը (PERMIS), որը յուրաքանչյուր Կողմին հանձնում է նրա հաստատված օրինակը և իրականացնում այն բոլոր պարտավորությունները, որոնք ծագում են ավանդապահի իր պարտականությունից:
2) ՍԾՏՀ անդամ պետությունների այն կառավարությունները, որոնք չեն ստորագրել սույն Փոխըմբռնման հուշագիրը, կարող են դառնալ նրա Կողմեր միայն նրա ուժի մեջ մտնելուց հետո:
3) Այն կառավարությունները, որոնք ստորագրել են սույն Փոխըմբռնման հուշագիրը նրա ուժի մեջ մտնելուց հետո, կարող են դառնալ Կողմեր` ավանդապահին փոխանցելով ներպետական բոլոր այն ընթացակարգերի կատարման վերաբերյալ ծանուցումը, որոնք կիրառվում են նախքան միջազգային համաձայնագրերի ուժի մեջ մտնելը:
4) Յուրաքանչյուր Կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Փոխըմբռնման հուշագիրը ՍԾՏՀ գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցում ներկայացնելու միջոցով:
5) Սույն Փոխըմբռնման հուշագիրը ճանաչվում է ուժը կորցրած, եթե այն ստորագրած Կողմերի թիվը իրար հաջորդող տասներկու ամիսների ընթացքում լինում է չորսից պակաս:
Ստորագրված է Բելգրադում 2007 թվականի ապրիլի 19-ին, մեկ օրինակով` անգլերենով:
Ալբանիայի Հանրապետության Կառավարության կողմից`
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից`
Ադրբեջանի Հանրապետության Կառավարության կողմից`
Բուլղարիայի Հանրապետության Կառավարության կողմից`
Վրաստանի Կառավարության կողմից`
Հունաստանի Հանրապետության Կառավարության կողմից`
Մոլդովայի Հանրապետության Կառավարության կողմից`
Ռումինիայի Կառավարության կողմից`
Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից`
Սերբիայի Հանրապետության Կառավարության կողմից`
Թուրքիայի Հանրապետության Կառավարության կողմից`
Հուշագիրը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2009թ. հունվարի 1-ից:
Հավելված 1
Ռոտացիայի առաջարկվող կառուցվածքը Ղեկավար կոմիտեում նախագահության և փոխնախագահության համար
Նախագահ Փոխնախագահ
Ռուսաստանի Դաշնություն Բուլղարիայի Հանրապետություն
Բուլղարիայի Հանրապետություն Ուկրաինա
Ուկրաինա Վրաստան
Վրաստան Թուրքիայի Հանրապետություն
Թուրքիայի Հանրապետություն Ադրբեջանի Հանրապետություն
Ադրբեջանի Հանրապետություն Հունաստանի Հանրապետություն
Հունաստանի Հանրապետություն Ալբանիայի Հանրապետություն
Ալբանիայի Հանրապետություն Մոլդովայի Հանրապետություն
Մոլդովայի Հանրապետություն Հայաստանի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետություն Սերբիայի Հանրապետություն
Սերբիայի Հանրապետություն Ռումինիա
Ռումինիա Ռուսաստանի Դաշնություն
Ադրբեջանի Հանրապետության վերապահումը
«Սևծովյան օղակաձև մայրուղու համակարգված զարգացման մասին» Փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ
1. Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարում է, որ «Սևծովյան օղակաձև մայրուղու համաձայնեցված զարգացման մասին» Փոխըմբռնման հուշագրում ամրագրված ոչ մի իրավունք, պարտավորություն կամ դրույթ չի կիրառվում Ադրբեջանի Հանրապետության կողմից իր տարածքը հատող ճանապարհների կամ փոխադրամիջոցների նկատմամբ, որոնց համար Հայաստանի Հանրապետությունը մեկնման, տարանցման կամ նպատակակետ տարածք է:
Ադրբեջանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխություն կատարելու սույն վերապահման 1-ին պարբերության մեջ նշված դրույթներում կամ չեղյալ ճանաչելու դրանք. մյուս Կողմերը գրավոր կծանուցվեն այդպիսի փոփոխությունների կամ չեղյալ ճանաչման մասին:
2. «Պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 40-րդ հոդվածի համաձայն` Ադրբեջանի Հանրապետությունը «Սևծովյան օղակաձև մայրուղու համաձայնեցված զարգացման մասին» Փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» ենթապարբերությունն իր համար պարտադիր ճանաչելու համաձայնություն չի տալիս:
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար` Էլմար Մամեդյարով
Հայաստանի Հանրապետության առարկությունը
«Սևծովյան օղակաձև մայրուղու համակարգված զարգացման» Փոխըմբռնման Հուշագրի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահման դեմ
Հայաստանի Հանրապետությունն առարկում է Ադրբեջանի Հանրապետության կողմից «Սևծովյան օղակաձև մայրուղու համակարգված զարգացման» Փոխըմբռնման Հուշագրի նկատմամբ կատարված վերապահման 1-ին կետի դեմ:
Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահումը լինելով ընդհանուր բնույթի և անորոշ, չունենալով կիրառման հստակ սահմաններ և պայմաններ` անհնարին է դարձնում նշված Փոխըմբռնման հուշագրի` ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև կիրառումը, այլև նման բովանդակությամբ վերապահումն անհնար է դարձնում համագործակցությունը ՍԾՏՀ անդամ պետությունների միջև վերոնշյալ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետությունը գտնում է, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ կատարված վերապահումը հակասում է Փոխըմբռնման հուշագրի առարկային և նպատակին, որն անթույլատրելի է միջազգային իրավունքի տեսանկյունից:
Հայաստանի Հանրապետությունն ընդգծում է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության վերապահումը չի համապատասխանում 1969թ. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) վերապահմանը ներկայացվող պահանջներին, հետևաբար հակասում է Կոնվենցիայի դրույթներին: Մասնավորապես, համաձայն Կոնվենցիայի, պետությունը վերապահում կատարելով կարող է բացառել կամ փոփոխել պայմանագրի որոշ դրույթների իրավական ուժը, եթե դրանք կիրառվում են այդ իսկ պետության նկատմամբ: Սակայն Ադրբեջանի Հանրապետությունը իր վերապահման մեջ չի նշում որևէ որոշակի դրույթ, որի իրավական կիրառումը կցանկանար բացառել կամ փոփոխել, ուստի Ադրբեջանի Հանրապետությունը, նման վերապահում կատարելով, խախտում է Կոնվենցիայի դրույթները:
Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է Փոխըմբռնման հուշագրի կողմ հանդիսացող բոլոր պետությունների ուշադրությունը հրավիրել վերը հիշատակված հանգամանքների վրա և առաջարկում է Փոխըմբռնման հուշագրի ավանդապահին` հորդորել Ադրբեջանի Հանրապետությանը վերանայել իր վերապահումը 2007թ. ապրիլի 19-ին Բելգրադում ստորագրված «Սևծովյան օղակաձև մայրուղու համակարգված զարգացման» Փոխըմբռնման Հուշագրի նկատմամբ: