Հոդված 11. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 11. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԻՄՔԵՐԸ
1. Որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չեն այն նշանները, որոնք չունեն տարբերակող հատկություն կամ բաղկացած են միայն այնպիսի տարրերից, որոնք`
ա) համընդհանուր օգտագործման մեջ են մտել որպես որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշաններ.
բ) համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշներ և տերմիններ են.
գ) նշում են ապրանքի տեսակը, որակը, քանակը, հատկությունները, արժեքը, ստեղծման նպատակը, ինչպես նաև ապրանքի արտադրության և իրացման տեղն ու ժամանակը.
դ) բացառապես ներկայացնում են ապրանքի արտաքին ձևը, որը`
- բխում է զուտ ապրանքի բնույթից (հատկությունից).
- անհրաժեշտ է որևէ տեխնիկական արդյունքի հասնելու համար և բնորոշում է ապրանքի նշանակությունը (գործառնությունը).
- ապրանքին տալիս է էական արժեք:
Սույն կետի «ա»-«դ» ենթակետերում նշված նշանները, որպես չպահպանվող տարրեր, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ, եթե դրանք չեն կազմում դրա գերիշխող մասը:
Սույն կետով սահմանված պահանջները չեն տարածվում այն նշանների վրա, որոնք օգտագործման հետևանքով ձեռք են բերել տարբերակող հատկություն:
1.1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չեն այն նշանները, որոնք վերարտադրում են պետական զինանշաններ, դրոշներ և խորհրդանիշներ, պետությունների պաշտոնական անվանումներ, միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշներ, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգևներ և այլ տարբերանշաններ են կամ թվարկվածներին շփոթելու աստիճան նման նշաններ: Այդպիսի նշանները, որպես չպահպանվող տարրեր, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ` դրանց սեփականատերերի կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությամբ:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 24.11.04 ՀՕ-139-Ն)
3. Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել նաև այն նշանները, որոնք հանդիսանում են կամ պարունակում են`
ա) կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություններ ապրանքի կամ արտադրողի մասին.
բ) աշխարհագրական նշում և գրանցման են ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից, եթե այդ աշխարհագրական նշման օգտագործումը մոլորության մեջ է գցում սպառողին ապրանքների իրական ծագման վայրի հարցում.
գ) գինիներ անհատականացնող աշխարհագրական նշում այն գինիների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից, կամ սպիրտային խմիչքներ անհատականացնող աշխարհագրական նշում այն սպիրտային խմիչքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղեկանքից, նույնիսկ եթե նշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար, կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ:
4. Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել նաև այն նշանները, որոնք`
ա) հակասում են հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին կամ անբարեխիղճ մրցակցության կանխման կանոններին (գործարար շրջանառության սովորույթներին).
բ) անհարիր են ազգային և հոգևոր արժեքներին:
5. Սույն հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի պահանջներն ապրանքի արտադրության վայրի (աշխարհագրական նշման) մասով, սույն օրենքի 21 հոդվածի համաձայն գրանցվող կոլեկտիվ նշանների նկատմամբ չեն տարածվում:
(11-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն)