Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-07-ից մինչև 2007-05-20։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2007-05-20-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 12. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԱՅԼ ՀԻՄՔԵՐԸ

գործել է մինչև 2007-05-20ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 12. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԱՅԼ ՀԻՄՔԵՐԸ

1. Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են`

ա) նույն կամ նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում այլ անձի անունով արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված (եթե դրանց հայտերը հետ կանչված կամ մերժված չեն) ավելի վաղ առաջնությամբ ապրանքային նշանին.

բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, նույն կամ նույնատիպ ապրանքների համար առանց գրանցման պահպանվող` ավելի վաղ առաջնությամբ` այլ անձանց ապրանքային նշաններին.

գ) նույն կամ նույնատիպ ապրանքների համար սույն օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում պահպանվող հանրահայտ ճանաչված այլ անձանց ապրանքային նշաններին.

դ) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքի ծագման տեղանվանը կամ աշխարհագրական նշումին, բացառությամբ այն դեպքերի, երբ, որպես չպահպանվող տարր, դրանք ներառված են դրանց օգտագործման իրավունք ունեցող անձանց անունով գրանցված ապրանքային նշանի մեջ.

ե) սահմանված կարգով գրանցված հավաստագրային կոլեկտիվ կամ երաշխիքային նշաններին.

զ) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանումներին (կամ դրանց տարբերակող նշանակության անվանը), եթե դրանց նկատմամբ իրավունքը ծագել է մինչև նույնատիպ ապրանքների համար գրանցման ներկայացված ապրանքային նշանի առաջնության թվականը:

Նույն կամ նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանմանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշանը կարող է գրանցվել միայն տվյալ ֆիրմային անվանման իրավատիրոջ (իրավաբանական անձի) համաձայնությամբ:

2. Որպես ապրանքային նշան չեն գրանցվում նաև այն նշանները, որոնք վերարտադրում են`

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 24.11.04 ՀՕ-139-Ն)

բ) ավելի վաղ առաջնությամբ արդյունաբերական նմուշները, որոնց տնօրինման իրավունքը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է այլ անձանց.

գ) հայտի ներկայացման թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գիտության, գրականության, արվեստի հայտնի ստեղծագործությունների անվանումները կամ դրանցից մեջբերումներն ու հատվածները (ֆրագմենտները), դրանց հերոսներին` առանց դրանց նկատմամբ հեղինակային իրավունքի իրավատիրոջ համաձայնության, եթե այդ իրավունքները ձեռք են բերվել մինչև տվյալ ապրանքային նշանի առաջնության թվականը:

Սույն կետը չի տարածվում այն ստեղծագործությունների անվանումների կամ դրանցից կատարված մեջբերումների կամ դրանց հերոսների նկատմամբ, որոնք բացառապես իրենցից ներկայացնում են աշխարհագրական նշում.

դ) հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանցից ածանցյալները, դիմանկարները և ֆաքսիմիլեները` առանց այդ անձանց, նրանց ժառանգների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված թույլտվության:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետում նշված ապրանքային նշանի սեփականատիրոջ համաձայնությունը կարող է հիմք հանդիսանալ տվյալ ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման նշանի գրանցման համար` լիազոր մարմնի սահմանած կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերի դրույթները տարածվում են նաև այն ապրանքային նշանների վրա, որոնք գրանցման են ներկայացվել ոչ նույնատիպ ապրանքների համար, եթե դա կարող է սպառողին մոլորության մեջ գցել և պատճառ դառնալ այդ ապրանքների և գրանցված կամ առանց գրանցման պահպանվող կամ Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ համարվող ապրանքային նշանի սեփականատիրոջ միջև կապ ենթադրելու, հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել վերջինիս շահերին:

5. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն տարածվում գինիների անհատականացման նույնական աշխարհագրական նշումների նկատմամբ, եթե դրանք զուգակցված են համապատասխան տարբերակիչ լրացումներով, պայմանով, որ պահպանված են սույն օրենքի 11 հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի պահանջները:

(12-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։