Հոդված 4. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 4. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը ծագում է դրան իրավական պահպանություն տրամադրելու պահից և պատկանում է դրա սեփականատիրոջը:
2. Ապրանքային նշանի սեփականատերն ունի այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու բացառիկ իրավունք: Առանց ապրանքային նշանի սեփականատիրոջ թույլտվության ոչ ոք իրավունք չունի օգտագործել Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանը:
3. Գրանցված ապրանքային նշանի սեփականատերը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց առևտրային գործունեության ընթացքում արգելել առանց իր թույլտվության ապրանքային նշանի կամ դրանով նշված ապրանքի պատրաստումը, կիրառումը, ներմուծումը, վաճառքը և դրա առաջարկը, ինչպես նաև այլ ձևերով տնտեսական շրջանառության մեջ մտցնելը կամ այդ նշանով նշված ապրանքի կամ ապրանքային նշանի նույն նպատակով պահեստավորումը և սույն օրենքի 22 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործողությունների իրականացումը, եթե այդ ապրանքային նշանը նույնական կամ շփոթելու աստիճան նման է իր ապրանքային նշանին և օգտագործված է այն ապրանքների նկատմամբ`
ա) որոնց համար գրանցված է իր ապրանքային նշանը.
բ) որոնք նույնատիպ են այն ապրանքներին, որոնց համար գրանցված է իր ապրանքային նշանը:
4. Արգելվում է առևտրային գործունեության ընթացքում օգտագործել որևէ նշան, որը Հայաստանի Հանրապետությունում որոշակի ապրանքների նկատմամբ հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի վերարտադրությունը, նմանակումը կամ թարգմանությունն է և շփոթելու աստիճան նման է այդ նշանին, եթե առանց դրա սեփականատիրոջ թույլտվության օգտագործումն իրականացվում է`
ա) նույն կամ նույնատիպ ապրանքների նկատմամբ.
բ) ոչ նույնատիպ ապրանքների նկատմամբ, ինչը մոլորեցնելով ստիպում է այդ ապրանքների և հանրահայտ ապրանքային նշանի սեփականատիրոջ միջև կապ ենթադրել, պայմանով, որ այդպիսի օգտագործումը կարող է վնաս հասցնել վերջինիս շահերին:
Սույն դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ նշանի էական մասն այդպիսի հանրահայտ ապրանքային նշանի վերարտադրությունն է կամ շփոթելու աստիճան դրա նմանակումը:
4.1. Ապրանքային նշանի սեփականատիրոջ բացառիկ իրավունքի խախտում (ապրանքային նշանի ապօրինի օգտագործում) է համարվում առանց նրա թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական շրջանառության մեջ ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնց անհատականացման համար գրանցված է ապրանքային նշանը կամ այդ ապրանքներին նույնատիպ ապրանքների նկատմամբ, այդ թվում` ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի կիրառումը (զետեղումը)`
ա) ապրանքների, պիտակների, այդ ապրանքների փաթեթավորման վրա, եթե այդ ապրանքներն արտադրվում են, վաճառվում են կամ վաճառքի են առաջարկվում, ցուցադրվում են ցուցահանդեսներում կամ տոնավաճառներում կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական շրջանառության մեջ են դրվում այլ եղանակներով կամ պահպանվում (պահեստավորվում) և (կամ) այդ նպատակով տեղափոխվում կամ ներմուծվում են Հայաստանի Հանրապետություն.
բ) ծառայություններ մատուցելիս կամ աշխատանքներ կատարելիս.
գ) ապրանքները քաղաքացիական շրջանառության մեջ դրվելու համար օգտագործվող փաստաթղթերում.
դ) ապրանքների գովազդներում և վաճառքի առաջարկներում.
ե) ինտերնետային կամ հեռահաղորդակցության համաշխարհային համակարգչային այլ ցանցերում, մասնավորապես հասցեագրման ցանկացած միջոցներում, այդ թվում` դոմեն անվանումներում:
Ապրանքները, այդ ապրանքների փաթեթավորումները, պիտակները, որոնց վրա ապրանքային նշաններն օգտագործվում են ապօրինի, համարվում են կեղծ, նմանակված:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-497-Ն)
6. Եթե արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի (այսուհետ` Փարիզյան կոնվենցիա) անդամ որևէ երկրում պահպանվող ապրանքային նշանի սեփականատիրոջ գործակալը կամ ներկայացուցիչը առանց նշանի սեփականատիրոջ թույլտվության իր անունից տվյալ նշանի գրանցման հայտ է ներկայացրել կամ այն գրանցել է Հայաստանի Հանրապետությունում, ապա նշանի սեփականատերն իրավունք ունի`
ա) արգելելու նշանի գրանցումը.
բ) պահանջելու չեղյալ ճանաչել նշանի գրանցումը, եթե այն արդեն կատարվել է.
գ) արգելել նշանի օգտագործումը գործակալի կամ ներկայացուցչի կողմից, եթե ինքն այդպիսի օգտագործման թույլտվություն չի տվել:
Սույն կետի «ա» ենթակետի համաձայն` նշանի սեփականատերն իր իրավունքից կարող է օգտվել հայտի քննարկման ընթացքում, մինչև նշանի պետական գրանցումը` համապատասխան դիմումը լիազոր մարմին ներկայացնելու միջոցով:
(4-րդ հոդվածը խմբ, փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն, խմբ., լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն)